Պետությունը Ծաղկաձորում գտնվող Golden Palace հյուրանոցին այլընտրանք ուղղակի չունի, քանի որ մնացյալ պետական օբյեկտները կա՛մ մասնավորեցվել են, կա՛մ վաճառվել, իսկ միջոցները յուրացվել են նախորդ իշխանությունների կողմից: Այս մասին մարտի 3-ին խորհրդարանական ժամին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Նա նշեց, որ Իրանից ժամանած կորոնավիրուսի առկայության կասկածով հայրենակիցների տեղավորումը Golden Palace հյուրանոցում համաքաղաքացիների եւ Ծաղկաձորում հանգստացողների շրջանում որոշ խուճապ է առաջացրել եւ տեղեկության սխալ մեկնաբանում:
«Այդ օրը վարչապետն իր ընտանիքով, ինչպես նաեւ այլ պատասխանատու մարմիններ՝ ի դեմս առողջապահության նախարարի այցելել են Ծաղկաձոր, հանդիպել բնակիչներին եւ ներկայացրել ընթացիկ իրավիճակը»,- ընդգծեց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ խոսքը մեր հայրենակիցների մասին է, որոնք հանրության եւ պետության աջակցության կարիքն ունեն:
«Այս մարդկանց հանդեպ անհրաժեշտ էր արժանի մոտեցում ցուցաբերել: Ես մեր գործընկերներին կրկին կոչ եմ անում խուսափել իրավիճակի սխալ մեկնաբանումից»,- հայտարարեց Հակոբյանը՝ բոլորին կոչ անելով ի նշան իրենց հայրենակիցների աջակցության գնալ Ծաղկաձոր եւ լիարժեք կերպով օգտվել բոլոր հասանելի ծառայություններից, քանի որ դրանց գները, խորհրդարանականի հավաստիացմամբ, որակի առումով աշխարհում ամենացածրերից մեկն են:
Դրանից բացի, պատգամավորը խոստացավ, որ առաջիկա ոչ աշխատանքային օրերին անպայման այցելելու է Ծաղկաձոր եւ անձնական օրինակ է ցույց տալու:



























