Հայաստանում երկխոսություններ լինում են ոչ թե քաղաքական ուժերի, այլ միայն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ապրիլի 21-ին տեղի ունեցած «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը։

«Ամեն բան կախված է նրա բարի կամքից, որն առայժմ չենք տեսնում։ Եթե երկխոսում են, ապա պիտի երկխոսեն շարունակվող թալանի, օլիգարխիկ խորհրդարանի, ժողովրդի ծայրաստիճան վատ վիճակի եւ արտագաղթի, ինչպես նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման շուրջ»,- ասաց նա։

ԺԿ նախագահի խոսքով, այսօր բանակցում են Հայաստանի ներկայիս եւ առաջին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ «Նրանք չեն բանակցում համակարգի շուրջ, որն իրենք են ստեղծել։ Իսկ մենք դեմ ենք հենց համակարգին, ընտրություններին, որոնք նկարում են, գողանում են, տանում են, լցում են, քցում են,ինչ ուզեն, անում են։ Եղած բանակցություններն էլ գաղտնի են տարվում, Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի այս համակարգը եւ հասկանալով, որ իշխանությունը հզորությամբ իրենից լոմ է ներկայացնում, դեմը դնում է երկրորդ լոմը։ Երկու լոմ, իրար ճնշելով, պայմանավորվում են։ Այնպես որ, Հայաստանում չկա քաղաքական երկխոսություն, կան մի շարք պայմանավորվածություններ։ Այնինչ երկխոսության պարագայում պետք է քննարկվեն հիմնահարցեր»,- ամփոփեց Կարապետյանը։

Քննարկման մյուս բանախոսը՝ ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանն իր հերթին նկատեց, որ ցանկացած երկխոսություն գնահատելի է, եթե միտված է Հայաստանի զարգացմանը եւ երկրում խաղաղ իրավիճակի ստեղծմանը։

«Իշխանությունները թերանում են հատկապես հասարակության հետ համագործակցության ոլորտում, այս առումով մենք հետ ենք մնում Եվրոպայից։ Հայաստանում իշխանություն-հասարակություն երկխոսություն առհասարակ չկա ։ Այսօր երկխոսություն  կա իշխանության եւ ընդդիմության, ընդդիմադիր քաղաքական ուժերի, բայց ոչ՝ իշխանության եւ հասարակության միջեւ»,- նկատեց Առաքելյանը՝ ավելացնելով, որ քաղաքական տարբեր ուժերի երկխոսության առանցքային նպատակը պետք է լինի երկրի շահերը չվնասելը։