Արփի լիճը գրեթե դատարկ է, քանի որ լճում հնարավոր 100 մլն խորանարդ մետրից առավելագույնը 8 մլն խորանարդ մետրն է ջուր: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ այժմ ջրի որոշակի մասն ըստ էության հոսում է Թուրքիա, քանի որ վերանորոգումից հետո փականները չեն փակվել, եւ ջուրը շարունակում է հոսել:
«Երեկ Ախուրյան գյուղի բնակիչները փորձեցին լուծել խնդիրը՝ այցելելով մարզպետարան, սակայն այնտեղ նրանց ասացին, որ չգիտեն, թե երբ կլուծվի հարցը: Եթե իրավիճակը չփոխվի, ապա դա սպառնալիք կդառնա մոտակա մարզերի համար, իսկ բնակիչները կմնան առանց բերքի: ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին կոչ եմ անում լուծել այդ խնդիրը առավելագույնս օպերատիվ»,- նշեց Բերբերյանը:
Նշենք, որ Արփի լիճը Հայաստանում ջրային ռեսուրսների պաշարներով երկրորդ լիճն է:



























