ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ղեկավար կազմի հետ այսօր՝ մարտի 4-ին անցակացրել է խորհրդակցություն՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Նախարարը հանձնարարեց միջգերատեսչական եւ տեղական ինքնակառավարման մակարդակներում շարունակել սերտ համագործակցությունը, նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ իրականացնել կանխարգելիչ գործողություններ:

Մասնավորապես, իրազեկել քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ մեթոդների մասին, ապահովել առավելագույն սանիտարահիգիենիկ-պաշտպանական միջավայր նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում՝ մարդկանց հետ շփումներում խստորեն հետեւելով առողջապահության նախարարության նախանշած նորմերին:

Հանդիպման ավարտին նախարարը հորդորեց, վտանգը չառհամարելով, խուճապի չմատնվել եւ արդյունավետ իրականացնել կանխարգելիչ միջոցառումները: