Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հովհաննես Ղազարյանի նախագահությամբ, կայացավ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն ընդդեմ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գործով դատական նիստը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Գործի քննության ընթացքում ներկայացվեց հայցի հիմքն ու առարկան, որից հետո դատական նիստը հետաձգվեց 2020 թ.-ի հունիսի 25-ին՝ 14։30-ին:

«Նախնական դատական նիստի ընթացքում ներկայացվեց հայցի հիմքն ու առարկան, որի արդյունքում, կարծում ենք, դատարանի համար ևս պարզ դարձավ, որ մեր հայցն ամբողջությամբ հիմնավորված է»,-ասաց Անահիտ Ֆարմանյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը:

Նշենք, որ դատական նիստին ներկայացել էր փաստաբան, ով չուներ պատասխանող կողմի  անունից հանդես գալու պատշաճ լիազորագիր: Դատարանն ընդունեց հայցվոր կողմի առարկությունները, և փաստաբանին չթույլատրեց գործում ներգրավվել՝ որպես պատասխանող կողմի ներկայացուցիչ: Նիստն ընթացավ առանց պատասխանող կողմի ներկայության:

Նշենք, որ Անահիտ Ֆարմանյանը պահանջում է անվավեր ճանաչել  ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ.-ի ապրիլի 23-ի նիստի արդյունքում ընդունված որոշումը, որով հաստատվել է հիմնադրամի կազմակերպական կառուցվածքը, ինչպես նաև ապրիլի 26-ի նիստի արդյունքում ընդունված որոշումը, որով հաստատվել է հիմնադրամի հաստիքացուցակը: