Եթե կարծում եք, որ դատավորների նշանակումը ԱՄՆ-ում պայթյունավտանգ խնդիր է, ապա պարզապես նայեք Հայաստանին, որտեղ անցյալ տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատերազմ է հայտարարել Հայաստանի գերագույն դատավորներին: Այս մասին World Politics Review կայքում հրապարակված իր հոդվածում նշում է բրիտանացի վերլուծաբան Թոմ դե Վաալը:

Նրա խոսքով՝ կառավարությունը սա դիտարկում է որպես արդարադատության կոռումպացված համակարգը մաքրելու վերջին միջոց, որը Փաշինյանը ժառանգություն է ստացել նախկին նախագահ Սերժ Սարգսյանից: Իսկ դատավորների համար սա ոչ այլ ինչ է, քան գերագույն օրենքի վրա քաղաքական գործիչների հարձակում:

Վերլուծաբանը նշում է, որ իշխանության գործադիր եւ դատական ճյուղերի միջեւ բախումը Հայաստանում առավել նկատելի է, բայց համանման կոնֆլիկտներ են ծավալվում նաեւ այլ հետխորհրդային պետություններում, ինչպես, օրինակ, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում:

Դե Վաալը ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության եւ իշխանափոխության մանրամասները՝ հիշեցնելով, որ անցյալ տարվա մայիսին Փաշինյանը հրապարակայնորեն քննադատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը չեղարկելու դատարանի որոշումը, իսկ սեպտեմբերին նրա գործով Սահմանադրական դատարանի որոշումը «անօրինական» է անվանել, այնուհետեւ պատերազմ է սկսել Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանի դեմ:

«Անկասկած է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորների չեզոքության վերաբերյալ հարցեր կան: Թովմասյանը եւ նրա 4 գործընկերները նշանակվել են Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք, իսկ երկուսն իրենց պաշտոններին են մնացել դեռեւս Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման դարաշրջանից, որը նաեւ եղել է Փաշինյանի առաջին քաղաքական հովանավորը: Դատավորները մեղադրվում են սահմանադրական փոփոխություններին մասնակցելով, որոնցով Սարգսյանը փորձում էր պահել իշխանությունը, եւ որոնք նրա ընդդիմախոսներն անվանել են իշխանության ոչ ժողովրդավարական զավթում»,- նշում է վերլուծաբանը:

Սակայն դատավորներին հանելու Փաշինյանի ձգտումը շատ դիտորդների է անհանգստացել, անգամ նրանց, ովքեր հեռու են հին ռեժիմի կողմնակիցը լինելուց: Նրանց թվում են Հայաստանի օմբուդսմենը, Վենետիկի հանձնաժողովը եւ խորհրդարանում ընդդիմադիր կուսակցություն «Լուսավոր Հայաստանը»: Շատ քննադատներ մտահոգված են այն հանգամանքով, որ Փաշինյանը ապրիլին սահմանադրական հանրաքվեի միջոցով կփորձի Սահմանադրական դատարանի հին անդամներին փոխարինել իր համախոհներով:

Նրա խոսքով՝ Հայաստանը եւ հետկոմունիստական մյուս երկրները, ներառյալ Եվրամիության անդամները, հայտնաբերում են, որ անկախ դատական համակարգի զարգացումը ցավագին գործընթաց է:

Վերլուծաբանը բերում է հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ դատական բարեփոխումը հետ է մնում, չնայած ժողովրդավարական զարգացման լավ ցուցանիշներին: «Խնդիրը դուրս է գալիս դատական իշխանության շրջանակից: Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում, որտեղ իրավապահ մարմինների քաղաքականացումը պատմական արմատներ ունի, գլխավոր դատախազը հաճախ առանձնապես հակասական դեմք է, ում հաճախ մեղադրում են, որ կառավարության կամքի կատարողն է»,- նշում է հեղինակը՝ բերելով Ուկրաինայի եւ Մոլդովայի օրինակները:

Դե Վաալի կարծիքով՝ դատական բարեփոխումը ժամանակ է պահանջում, եւ կառավարությունները չպետք է վերահսկեն դատական համակարգը: «Հայաստանում, նաեւ ամբողջ տարածաշրջանում, դեռեւս լուծված չէ այն հարցը, թե կարելի՞ է կառավարությանը վստահել օրենքի գերակայության պաշտպանությունը»,- ամփոփել է նա: