Հաշվի առնելով այն փաստը, որ ՀԿ-ները հատուկ ավանդ ունեն ժողովրդավարության զարգացման գործում, դրանց գործունեության ազատությունը պետք է հնարավորինս առավելագույն պաշտպանված լինի: Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովի նիստում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ ՀԿ-ների եւ իշխանությունների շահերը ոչ միշտ են համընկնում, իսկ երբեմն միմյանց հակասում են:
«Հասարակական կազմակերպությունները պետք է ազատ լինեն որեւէ քաղաքական ազդեցությունից»,- պարզաբանեց Սամսոնյանը:
Նա համաձայն է, որ ՀԿ-ն պետք է հաշվետու լինի հանրությանը, բայց այդ հաշվետվողականությունը չպետք է ազդի դրանց գործունեության ազատության վրա՝ ՀԿ-ի համար դառնալով լրացուցիչ բեռ:
Պատգամավորը նշեց, որ ՀԿ գործունեությունն, ըստ էության, արդեն պետության վերահսկման տակ է, քանի որ դրանց ծախսերը գրանցվում են հարկային մարմինների համապատասխան բազայում, իսկ բանկերի տրամադրության տակ են հասարակական կազմակերպությունների դրամական մուտքերի մասին տեղեկությունները:





























