Եթե հասարակական կազմակերպությունները ոչինչ չեն թաքցնում, անհանգստանալու պատճառ չունեն: Այս մասին այսօր` մարտի 6-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստին «Ազգային ժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց` եթե հասարակական կազմակերպությունները ուշադիր հետեւում են պետական պաշտոնյաների, պաշտոնատար անձանց եւ պետական գերատեսչությունների գործունեությանը, այդ դեպքում ինչու մնացածը չպետք է իրավունք ունենան վերահսկել նրանց գործունեությունը:

«Ես աշխատել եմ ԶԼՄ-ներում, եւ ինձ համար շատ դժվար էր տեղեկատվություն ստանալ ցանկացած ՀԿ-ի վերաբերյալ: Ինձ համար առավել կասկածելի են այն հասարակական կազմակերպությունները, որոնք բողոքել են իրենց կողմից ավելի թափանցիկ աշխատանք իրականացնելու կապակցությամբ: Ես դրանում ընդհանրապես որեւէ խնդիր չեմ տեսնում: Ասեմ ավելին. կարծում եմ, որ այս օրենքը պետք է ավելի խստացվի: ՀԿ-ները, սա իմ զուտ անձնական կարծիքն է, պետք է նաեւ բացահայտեն իրենց եկամուտների եւ ֆինանսների աղբյուրները: Իմ կարծիքով, սա ամենակարեւոր տեղեկատվությունն է: Մի՞թե մենք չպետք է իմանանք: Չէ որ հայտնի է, որ ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում»,- պարզաբանեց Թունյանը: