Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչ Ռայան Ջեյմս Ստեֆենսը ապրիլի 21-ին կանգնել է դատարանի առջեւ` ոստիկանական շան վրա հաչելու համար, որն այդ պահին գտնվել է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում:
Ոստիկանը շանը թողել է պարեկային մեքենայում, որպեսզի պարզի ճանապարհային պատահարի հանգամանքները: Վերադառնալով մեքենայի մոտ` նա տեսել է թե ինչպես են իրար վրա հաչում ծառայողական շունն ու 25-ամյա Սթեֆենսը: Վերջինս ավելի ուշ հայտարարել է, թե առաջինը շունն է հաչել, եւ ինքը ստիպված է եղել պատասխանել:
«Հաչող ամերիկացու» փաստաբանը հայտարարել է դատարանին, թե իր պաշտպանյալը նման ոչ սովորական կերպով իրացրել է խոսքի ազատության սահմանադրական իրավունքը:
Դատարանի վճիռը կայացվելու է ավելի ուշ:





























