2020  թվականի մարտի 2-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ գիտատեխնիկական անձնակազմի ընդհանուր ժողով։ Օրակարգում դրված էր աստղադիտարանի ՀՀ ԳԱԱ համակարգում լինելու հարցը։  Այս մասին հաղորդագրություն է տարածել Բյուրականի աստղադիտարանը:

Ժողովի ժամանակ ելույթներով հանդես եկած բոլոր գիտաշխատողները համակարծիք էին այն մտքին, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներդրում ունի Հայաստանում գիտության ընդհանուր զարգացման եւ գիտահետազոտական ինստիտուտների խմբավորման գործում։

Ժողովին հաջորդեց քվեարկություն՝ դնելով հետեւյալ հարցը․

«Նպատակահարմար է արդյոք, որ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը լինի ՀՀ ԳԱԱ համակարգի կազմի մեջ»։

Քվերկությանը ներկա են եղել եւ մասնակցել գիտատեխնիկական անձնակազմի ցանկի մեջ ընդգրկված 51 աշխատակիցներից 41-ը, որոնցից 38-ը քվեարկել է կողմ, իսկ 3-ը՝ դեմ։

Այսպիսով, քվեարկության արդյունքում արձանագրվեց, որ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի գիտատեխնիկական անձնակազմի ճնշող մեծամասնությունը գիտության զարգացման համար նպատակահարմար է համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ՀՀ  ԳԱԱ  համակարգում գործելը։