Իշխանությունների բարեփոխումները չեն տեղավորվում «թավշյա հեղափոխության» տրամաբանության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Մասնավորապես, դա վերաբերում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հետ կապված իրավիճակին, դասախոսների վրա ճնշումներին, ծննդատներում եւ ծերանոցներում բարեփոխումներին: Իշխանությունները փորձում են որոշ քայլեր ձեռնարկել, ապա գործում են հետեւյալ կերպ՝ եթե հակազդեցություն են զգում, ապա փորձում են փոքր-ինչ «նահանջել», իսկ եթե հակազդեցությունը հաղթահարելի է, ապա գնում են մինչեւ վերջ»,- նշեց նա:
Նա նկատեց, որ նախ իշխանությունները խոսում էին պետական ապարատը կրճատելու անհրաժեշտության մասին, իսկ այժմ պետական ծառայողների թիվը մեծացել է:
Հոգեբան Սամվել Խուդոյանը, իր հերթին, հայտարարեց, որ այսօր Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները ժամանակին հավանություն չեն ստացել Վրաստանում:
«Վրաստանում դրանից դժգոհ էին, քանի որ այդ փոփոխություններն անդրադարձան ֆինանսավորման վրա: ՀՀ իշխանությունները դիմում են փակելու եւ կրճատելու պրոցեսին, սակայն պետք է հաշվի առնել հետեւանքներն ու գործել դրանից ելնելով»,- հավելեց նա:




























