ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ «Բիզնես եւ կրթություն գործընկերություն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ կադրերի պատրաստման ոլորտում։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանը:

Գերմանական «Մասնագիտական կրթություն եւ ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում ծրագիրը» Հայաստանում իրականացվում է 2017 թվականից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ֆինանսավորմամբ` Գերմանիայի Մեկլենբուրգ–Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի եւ «Բիզնես եւ կրթություն գործընկերություն» հիմնադրամի միջեւ պայմանագրի շրջանակում: Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել վերոնշյալ ուսումնական կենտրոնի Հարավային Կովկասի ՄԿՈՒ համագործակցության ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը:

Ողջունելով նոր ծրագրի մեկնարկը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ շուրջ երեք տարի նախարարությունն արդյունավետ համագործակցում է «Բիզնես եւ կրթություն գործընկերություն» հիմնադրամի հետ, որի ծրագրերը համահունչ են ՄԿՈՒ ոլորտում պետական նպատակադրումներին: «Հուշագրի շրջանակում նախատեսվում է նոր մասնագիտությունների ներդրում, հետեւաբար, լրացուցիչ եւ նորանոր ռեսուրսներ կուղղվեն ՄԿՈՒ ոլորտ՝ ապահովելով կայուն եւ շարունակական համագործակցություն: Մենք շեշտադրում ենք ոչ միայն կոնկրետ մասնագիտությունների ներդրման, այլ համալիր գործողությունները՝ վերապատրողների կարողությունների զարգացում, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովում եւ այլն»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նախատեսվում է վերանայել ՄԿՈՒ չափորոշիչները, որի համատեքստում կարեւորվում է ծրագրի առաջարկած համընդգրկուն մոտեցումը: Նա ծրագիրը կարեւորել է նաեւ այն իմաստով, որ նախարարությունը խրախուսում է տարբեր հետազոտություններ՝ հասկանալու ապագայի մասնագիտությունները եւ ուղղորդելու ապագա դիմորդներին, ինչպես նաեւ նաեւ աշխատաշուկայի ուսումնասիրության հարցումների կազմակերպումը Հայաստանի մարզերում: Նախարարի տեղակալը կարեւորել է նաեւ «Աշակերտական/ուսանողական ընկերություն» մոդելի պիլոտային ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում եւ դպրոցներում:

Հիմնադրամի խորհրդի նախագահ Մարինե Ժամկոչյանն ընդգծել է, որ ծրագիրը շատ ճկուն է, հետեւաբար հետաքրքիր գաղափարների դեպքում նոր միջոցներ կներգրավվեն:

Համաձայն հուշագրի՝ կողմերը կիրականացնեն.

-կրթության եւ տնտեսության միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրեր, ՆՄԿՈւ կրթության նորմատիվ իրավական բազայի եւ կրթական ծրագրերի մշակում եւ կատարելագործում, ուսումնական հաստատությունների ուսումնամեթոդական եւ նյութատեխնիկական բազայի ամրապնդում,

-աշխատանքի շուկայում շրջանավարտների զբաղունակության եւ մրցունակության խթանում, ՄԿՈՒ ոլորտը որակավորված մասնագետներով ապահովելուն ուղղված համատեղ միջոցառումների կազմակերպում,

-ուսումնական հաստատությունների եւ մասնավոր կազմակերպությունների համագործակցության ձեւավորում եւ ամրապնդում: