Վրաստանում երկրի բոլոր ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարաձգվեն մինչեւ ապրիլի 1-ը: Այսպիսի որոշում այսօր կայացրել է Վրաստանի կառավարության համակարգող խորհուրդը` Վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ, փոխանցում է News-Georgia-ն:

Վրաստանում կրթական հաստատություններում հայտարարված արձակուրդները մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգելու որոշումն ընդունվել է որպես կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոց:

Կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Վրաստանում գարնանային արձակուրդներ էին հայտարարվել մեկ շաբաթ առաջ` մարտի 2-ին: Դրանք պետք է ավարտվեին մարտի 16-ին, սակայն կառավարությունը որոշել էր դեռ չսկսել դասընթացները` առողջապահության նախարարության կողմից հասարակական միջոցառումներ չիրականացնելու վերաբերյալ առաջարկի ֆոնին:

Բացի այդ, մինչեւ ապրիլի 1-ը կդադարեցվի երեխաների եւ առողջական հատուկ պահանջներով անձանց ընդունելությունը հատուկ ցերեկային կենտրոններում:  

Կառավարության որոշմամբ մինչեւ ապրիլի 13-ը հետաձգվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայության գարնանային զորակոչը:

Մարտի 10-ի դրությամբ` Վրաստանում կորոնավիրուսի 23 դեպք է գրանցվել: Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով` կարանտինում շարունակում է 126 մարդ մնալ, բժիշկների վերահսկողության տակ` 46 պացիենտ: Առաջին անգամ վարակվածների թվում 12-ամյա մի դեռահաս է: Ընդ որում, մասնագետները չեն բացառում, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կավելանա: