Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բացասաբար է վերաբերվում Կրթության և Գիտության  նոր օրենքի նախագծի այն կետին, որտեղ  նախատեսվում է ասպիրանտական տեղերը հատկացնել բուհերի տնօրինմանը։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը։

«Օրենքի նախագծի հեղինակաները նախատեսել են, որ ակադեմիայի համակարգում  ինստիտուտները չեն լինելու, բայց որտեղ են լինելու՝ հայտնի չէ։ Դա նշանակում է, որ ասպիրանտական և գիտական խորհուրդները ակադեմիական համակարգում չեն։ Հանրահայտ է, որ  գիտական խորհուրդները միշտ բարձր մակարդակ են ունեցել և այսօր էլ ունեն։ Ինչպես գիտեք, օրենքի նախագծին նախորդել էր վարչապետի այն հայտարարությունը, թե՝ գիտական համակարգը և գիտությունը պետք է վերադարձնել բուհերին։ Այդ մասին ԿԳՆ նախարարն ասաց, որ նման միացումներ չեն նախատեսվում։ Մենք հիմա մտածում ենք գիտական ինստիտուտների գիտական մակարդակը բարձրացնելու համար։ Որ բուհական համակարգում գիտական բաղադրիչը բավական նվազ է, դա փաստ է։ Մենք պետք է նպաստենք բուհերում այդ բաղադրիչի զարգացմանը։ Մեր համակարգի 600 գիտնականներ, ակադեմիկոսներ աշխատում են բուհերում համատեղության կարգով։  Պատրաստ ենք ավելացնել մեր գիտնականների դրույքները։ Բայց չի ստացվում։ Դրա պատճառը նաև ուսանողների թվի կրճատումն է»«– ասաց նա։

Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ ակադեմիայի կարգավիճակը շատ անորոշ է։

«Հին օրենքում ասված է, որ ակադեմիան ՀՀ հիմնադրած հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող, բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը համակարգում է գիտելիքի վրա հիմնված անհրաժեշտ և հիմնարար կիրառական հետազոտությունները, իսկ նոր  օրենքի 25-րդ հոդվածի  համաձայն՝   «ակադեմիա»  չկա։ 40 էջանոց օրենքում 11 տող է ընդամենը ակադեմիայի մասին մասին։ Ամբողջ օրենքը կրթության մասին է, իսկ  ակադեմիան մասնագետների մի հասարակական կազմակերպություն է, որը կառուցվելու է խորհրդատվական հիմունքներով։ Մեր համակարգում կա 34 ինստիտուտ, բայց այդ ինստիտուտների ճակատագրի մասին խոսք անգամ  չկա»,-նշեց Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը նշեց, որ Ակադեմիայում իսկապես գնում է փոփոխությունների գործընթաց՝ մի քանի փուլերով։

«Ինչ վերաբերում է փոփոխություններին,ասեմ, որ մենք իրականացրել ենք վերջին հինգ տարիների գիտական արդյունավետության ուսումնասիրման գործընթաց։ Այդ աշխատանքի արդյունքում արվել են տարբեր առաջարկություններ՝ արդյունավետությունը լավացնելու համար։ Մենք արդեն իրականացրել ենք մի շարք  փոփոխություններ, օրինակ՝ օպտիմալացում։ Մենք 16 կառույցներ արդեն միավորել ենք, մեր վարչական կազմը՝ պահակներով, վարորդով, հավաքարարաներով մի 100 մարդ են կազմում։ Գիտենք, որ պետք է իրականացնենք օպտիմալացման երկրորդ փուլը։ Մեր կողմից արդեն մշակվել են 20 ավելի ծրագրեր առաջիկա 5 տարիների ընթացում։ Ենթադրում ենք, որ պետք է փոխենք մեր կառավարման համակարգը՝ հարմարեցնելով այսօրվա  և կազմակերպական  և նյութական պահանջներին, որոնք նպաստելու են գիտության զարգացմանը։ Այդ առումով՝ դա վերաբերում է նախագահությանը, մեր 15 ակադեմիկոսներին և ոչ միայն։ Կարող է լինել նաև այլ ընտրակարգ, ակադեմիայի ղեկավարին ընտրի ոչ թե ակադեմիկոսների ընդհանուր ժողովը, այլ երկրի ղեկավարը, որոնցից՝ 1-3 թեկնածու կառաջադրի ակադեմիկոսների ընդհանուր ժողովը։ Այդպիսի փոփոխություններ նախատեսում ենք նաև բուհական համակարգում։ Եվ վերջապես երրորդ տարբերակը․ առաջարկում ենք ավելի խորը ինտեգրացում ակադեմիական կառույցների և բուհական կառույցների միջև»,-նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարը։