Էջմիածնի Paradise ռեստորանը, որտեղ մարտի 8-ին տեղի ունեցած նշանադրության արարողությանը մասնակցել է կորոնավիրուսով ախտորոշված տղամարդը, այս պահին հյուրեր չի ընդունում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ռեստորանի տնօրենը։
Արդյոք դեպքի հաստատումից հետո հյուրանոցում ախտահանում իրականցվել է թե ոչ, հստակ պատասխան չստացանք։ Հյուրանոցի մենեջերը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նման աշխատանք չի իրականացվել։ Լրացուցիչ հարցերի նա չպատասխանեց, առաջարկեց խոսել տնօրենի հետ։ Տնօրենը վստահեցրեց, որ իրենց պատկան մարմիններից այցելել են, սակայն չկարողացավ ասել՝ երբ, ով կամ մասնավորապես ինչ աշխատանք է կատարվել։
Տնօրենը նաև վստահեցրեց, որ առաջիկա օրերին որոշել են չաշխատել։
Տնօրենի խոսքով՝ իրենց ռեստորանի ոչ մի աշխատակցի չեն մեկուսացրել, քանի որ նրանցից ոչ մեկը չի սպասարկել խնջույքի մասնակիցներին. «Ես մենակ դատարկ սրահն եմ տվել։ Իրենք եկել են իրենց մատուցողներով, հետեւեից իրենց հավաքարարները եկել մաքրել գնացել են։ Ամեն ինչ իրենցն է եղել, անգամ երաժիշտները»։
Նրա խոսքով՝ նշանադրության համար չորս սեղան է դրվել, մասնակցել է մոտ 40 մարդ։
Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի եւս 3 նոր դեպք է հաստատվել, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ 4-ն է։ Այժմ դեռ պարզվում է նրանց շփումների շրջանակը։ Վարակվածների վիճակը լավ է, միայն 45–ամյա քաղաքացու մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Հիվանդներից մեկը Էջմիածնի բնակիչ է։





























