Ապրիլի 22-ին Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում ընթացել է ոստիկանության Հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանի գործով դատական նիստը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը նախագահել է Մանուշակ Պետրոսյանը: Դռնփակ դատական նիստում լսվել է փաստաբան Երվանդ Վարոսյանի բողոքը ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարեւոր գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վահան Խանզադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ: Ի դեպ, դատական նիստը կայացել է առանց նրա մասնակցության:
Դատարանի բակում հավաքված են մոտ 200 քաղաքացիական հագուստներով անձինք, ովքեր ոստիկանության քննիչներ են: Ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննիչների խոսքերից լսելի է դարձել, թե նրանք վստահ են, որ իրենց գործընկերն անհիմն է կալանավորվել եւ այդ ամենի դիրիժորը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է: Նրանք նաեւ վստահ են, որ, այնուամենայնիվ, դատարանը դատախազության նվագի տակ չի պարի, իսկ հակառակ դեպքում բոլորը նշում էին, որ վայր կդնեն իրենց վկայականները եւ դուրս կգան համակարգից:
Հ.Գ. Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:











Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























