«Շուտով կլրանա 2 տարին, երբ Հայաստանում իշխանության եկան արտաքին ուժերի խամաճիկները: Հասարակության մտածող մասը նշելու է օտարերկրյա պետությունների փողերով ազդեցության գործակալների կողմից իշխանության յուրացման երկրորդ տարեդարձը: Գունավոր հեղափոխության հայկական պարոդիան ոչ մեկանգամյա մաքսանենգ ապրանք էր, այն երկար ժամանակ նախապատրաստվել է տեղական հասարակական կազմակերպությունների կողմից՝ արտաքին ուժերի զգոն վերահսկողության ներքո», գրում է «Գոլոս Արմենիի»-ն:

«Վարչապետ Փաշինյանի` բարեկամական Իրան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում նրբանկատորեն մատնանշվել էր իր կառավարությունում ազդեցության գործակալների գերակշռությունը, ինչը հանգեցրել էր Նիկոլայի հայտնի արտահայտությանն այն մարդկանց մասին, ովքեր արտաքին պետությունների հրահանգներն են կատարում կառավարման ամենաբարձր մակարդակներում: Վերադառնալով Իրանից` վարչապետը կասկածելիորեն արագ «մոռացավ» իր կոշտ ելույթի մասին: Ամենայն հավանականությամբ, նա աննկատորեն հիշեցրել են, թե ով եւ ինչ նպատակով է նրան բարձրացրել իշխանության գագաթին: Չափազանցություն չի լինել ասե, որ Հայաստանն արդեն 2 տարի օկուպացված է արտաքին ուժերի կողմից, որոնք ղեկավարում են խամաճիկային կառավարությունը, որի կեսը բաղկացած է արտաքին ազդեցության գործակալներից:

Իշխանափոխության երկրորդ տարեդարձի նախաշեմին Հայաստանի վերլուծական միտքն անդրադարձել է այն իրադարձությունների ակունքներին, որոնք տեղի են ունեցել երկրի եւ ժողովրդի հետ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին: Ոմանք մարտի 31-ն են համարում են երկրի օկուպացման սկիզբը: Այդ օրը Նիկոլը սակավ թվով համակիրների հետ միասին արեց առաջին քայլը Գյումրիից դեպի Երեւան: Վերլուծական ուսումնասիրություններ են հայտնվել ժողովրդի մեջ օտար արժեքներ սերմանելու գործում հասարակական կառույցների դերի մասին, դրանք հիմք են դարձել համապատասխան զեկույցների եւ հրապարակումների համար: Ընդհանուր առմամբ, հետխորհրդային մի շարք երկրներում մի շարք համալիր միջոցառումներ են գործում արտաքին ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպությունների գործունեության կարգավորման համար: Կան համապատասխան ռեգիստրներ, օտարերկրյա դրամաշնորհների գրանցվում են, հասարակական-քաղաքական կազմակերպությունների արտաքին ֆինանսավորման արգելք է գործում եւ այլ միջոցներ, որոնք օգտագործվել են նաեւ մեզ մոտ, սակայն դա չի փրկել Հայաստանին արտաքին ուժերի օկուպացիոն ռեժիմից: Հիմնվելով վերոհիշյալ ուսումնասիրությունների վրա` մենք փորձել ենք ընթերցողներին ներկայացնել փաստերն ու այն մարդկանց անունները, որոնք նպաստել են ազգային իշխանության տապալմանը եւ արտաքին ուժերի վրա հիմնված գործող խամաճիկային ռեժիմի հաստատմանը:

Մեկ հրապարակման շրջանակներում հնարավոր չէ ներկայացնել «ՀԿ-ները Հայաստանում. «ժողովրդավարության մրրկահավերը» եւ արտաքին կառավարման գործիքակազմը» զեկույցի բոլոր հատվածները: Մենք պարբերաբար կհրապարակենք տեղեկություններ այդ զեկույցից, ինչը կօգնի մեր ընթերցողներին հասկանալ իշխանափոխության հետ կապված իրադարձությունների մանրամասները: «Թավշյա հեղափոխության» երկրորդ տարեդարձը վերլուծելու եւ եզրակացություններ անելու համար ամենաճիշտ ժամանակն է: Սկսենք նախապատմությունից: Զեկույցում, որպես ներքաղաքական գործընթացներում արտաքին ուժերի միջամտության վառ օրինակ, նշվում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման զինյալների կողմից ՊՊԾ գնդի գրավման փաստը: Զեկույցի նյութերում նշվում է, որ զինված հարձակումից մեկ օր առաջ եւ ընթացքում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Լառա Ահարոնյանն ու նրա գաղափարակիցները սոցիալական ցանցերում թռուցիկներ են տարածել` նկարագրելով ոստիկանությանը դիմակայելու մեթոդները: Զինված խմբի գործողությունների այս պայմանական «հաստատման կոալիցիան», ըստ զեկույցի հեղինակների, հիշեցնում է այն քաղաքական կոալիցիաները, որոնք «գունավոր հեղափոխությունների» շարժիչ էին դարձել հետխորհրդային երկրներում: Բացի ՀԿ-ներից, դրանցում ընդգրկված էին նաեւ ինչպես ազատական, այնպես էլ ազգայնական խմբերի ներկայացուցիչներ: Զեկույցի հեղինակները մեջբերում են Ի. Ֆոմինի եւ Ն.Սիլաևի ուսումնասիրությունը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ագենտուրան

«Թավշյա» բողոքի ակցիաների ակտիվ փուլի ավարտից գրեթե 2 տարի անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջին խոսել է իշխանափոխության ծախսերի մասին: Մասնավորապես, իր կողմից բացված հաշվին մոտ 260 հազար դոլար է փոխանցվել: Ներկայացված հաշվետվության համաձայն` կառավարության ղեկավարը ֆինանսական ռեսուրսներ է ստացել ինչպես իր հայաստանյան համակիրներից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից: Ըստ զեկույցի հեղինակների` ամենամեծ նվիրատվությունը, իբր, 5 միլիոն դրամ է կազմել, սակայն կան ապացույցներ առ այն, որ կադրի հետեւում են մնացել ստվերային արեւմտյան ֆինանսավորման աղբյուրները…

Ուսումնասիրության հեղինակները բոլորովին էլ պատահական չեն համարում այն, որ «թավշյա հեղափոխությունը» ՀԿ-ների շատ ակտիվիստներ բարձրացրեց իշխանության գագաթին, ինչը, ըստ մի շարք քաղաքագետների, պետական կառավարման համակարգի անկայունության պատճառներից մեկն է դարձել: Օրինակ` «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախընտրական ծրագրերի համակարգող, Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության մագիստրոս Արմեն Գրիգորյանը դարձել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար: Արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նշված կազմակերպությունից իշխանության են եկել խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը, գիտության, կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը եւ այլոք:

Նույն կոհորտային է պատկանում նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որը, ինչպես Գրիգորյանը, հռչակավոր է դարձել իր հակառուսական հայտարարություններով: Նրա կազմակերպության մասնաճյուղը ՀՀ կառավարության փողերով ներկայումս Արցախի Հանրապետությունում իրականացնում է խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախապատրաստման վերահսկողությունը: Երկրորդ կազմակերպությունը, որին նույն պայմաններով են Արցախում թույլ տվել, դարձել է այն նույն «Թրանսփարենսի ինթերնեշնլը», որը նոր իշխանության կադրերի դարբնոցն է: Այսօր Արցախում նախընտրական արշավին հետեւում են այս երկու կազմակերպությունները…

Զեկույցում նշվում է, որ Իոաննիսյանի կազմակերպությունը գործունեության 4 տարում օտարերկրյա տարբեր հիմնադրամներից ստացել է 590 հազար դոլարի դրամաշնորհներ: Գումարի կեսից ավելին վերջին 2 տարում տրամադրել է Սորոսի հիմնադրամը: 2016 թվականին կազմակերպությունը ստեղծեց «Փաստերի ստուգման հարթակ» լրատվամիջոցը:

2018 թվականի հունվարին, այսինքն՝ իշխանափոխությունից 3 ամիս առաջ, կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից ստացել է մոտ 81 հազար դոլար քաղաքացիական շարժման ակցիաներին մասնակցելու համար 50 լրագրողների եւ 75 ակտիվիտների պատրաստելու համար: Այս ակտիվիստներն իրենց վատ չեն դրսեւորել փողոցային ակցիաների օրերին՝ փակելով տրանսպորտի ճանապարհը եւ քաոս ստեղծելով ճանապարհներին: Երբ այն օրերին «Գոլոս Արմենիան» կամ այլ լրատվական պարբերականներ գրում էին վարձով հրավիրված փողոցային մասովկայի մասին, ապա նրանց պատասխանում էին, իբր, խոսքը տարերային համաժողովրդական վերելքի մասին է…

Իոաննիսյանը 2018 թվականին ակտիվորեն պաշտպանել է կոռուպցիայի մեջ մեղադրվող Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանին եւ ԱԱԾ ղեկավար, գեներալ Արթուր Վանեցյանին ուղղված հրապարակային հարձակումներով է հանդես եկել: Ներկայումս Վանեցյանն արդեն նշված ծառայության նախկին ղեկավարն է եւ զբաղված է կուսակցություն ստեղծելով: Բազմիցս է գրվել այն մասին, որ սորոսական նոմենկլատուրան Ազգային անվտանգության ծառայությունը համարում է արտաքին ուժերի քաղաքական ծրագրերի իրականացման գլխավոր խոչընդոտը:

Հենց սորոսական նոմենկլատուրան է մնացյալից ավելի հաճախ հանդես եկել ծառայության վերակառուցում անցկացնելու եւ դրա աշխատակիցների լյուստրացիայի պահանջով: Այս պահանջները նախկինի պես արդիական են եւ պետական կառույցի վրա սորոսական ագենտուրայի ոտնձգության տիպիկ նմուշօրինակ են: Խոսելով սորոսական ագենտուրայի մասին՝ մենք նկատի ունենք հասարակական կազմակերպությունների ղեկավարներին եւ ակտիվիստներին, որոնք հասանելիություն են ստանում պետական կառավարման լծակներին:

Հայաստանի օկուպացիայի նախապատրաստումը կատարվել է ցանցային մեթոդով: Մենք այսօր մեր էքսկուրսը սահմանափակեցինք «Իրազեկ քաղաքացիների միավորում» եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպություններով, հաջորդ հրապարակումներում կպատմենք այլ հասարակական կառույցների մասին, որոնք իրենց ուժերի ներածին չափով ավանդ են բերել եւ շարունակում են բերել ազգային պետության կործանման գործում»,- կարծում է հրապարակման հեղինակը: