Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ մարտի 13-ին հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ.
«Մտահոգությամբ ենք անդրադառնում աշխարհում, ինչպես եւ մեր երկրում կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ստեղծված կացությանը: Աղոթում ենք համավարակից մահացածների հոգիների հանգստության համար, մեր զորակցությունը բերում նրանց ընտանիքիներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր հիվանդներին:
Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետեւողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները եւ իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները:
Մեր Եկեղեցին միշտ իրականացրել է իր հոգեփրկչական ծառայությունը եւ այսօր եւս շարունակելու է տերունապատվեր իր առաքելության բնականոն ընթացքը` հոգեւոր խնամք մատուցելով իր հավատավոր զավակներին, քաջալերելով ամուր մնալու հավատքի մեջ, առ Աստված հավատքով եւ աղոթքով դիմագրավելու դժվարություններն ու նեղությունները։
Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մարդկության առաջ հառնած վտանգների ու սպառնալիքների շուտափույթ հաղթահարման համար: Հայցում ենք նաեւ Տիրոջ օգնականությունն առողջության եւ կազդուրման կարիք ունեցողներին, իրենց տքնաջան ծառայությունը բերող բժիշկներին եւ առողջապահության ոլորտի կարեւոր սպասավորության մեջ ներգրավված բոլոր անձանց:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները եւ ամենառատ ողորմությունը լինեն բոլորի հետ. ամեն»։





























