Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPCW) ապրիլի 1-ից մեկնարկել է Երկրի Օրվան (ապրիլի 22) նվիրված բնապահպանական մեծ քարոզարշավը, որի կարգախոսն է «Տնկիր քո ծառը քո երկրում»:
«Սա միայն ապրիլի 22-ը չէ, ծառատունկեր եւ աղբահավաքներ չեն, այլ իրականում միտում է թակելու բոլոր հայրենակիցների դռները, մուտք գործելու նրանց տները, մարդկանց մոտ փոխելու սպառողական մոտեցումը: Սրա համար, իհարկե, տարիների աշխատանք է հարկավոր»,- այսօր` ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է FPCW-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Բնապահպանական քարոզարշավը հանրության առավել լայն շերտերին հասու դարձնելու նպատակով Հիմնադրամը թողարկել է հեռուստատեսային սոցիալական հոլովակ: Ճանաչված մարդիկ` հանրահայտ արտիստներից ու երաժիշտներից մինչեւ առաջատար ընկերությունների ղեկավարներ, միացել են քարոզարշավին եւ սոցիալական հոլովակում պատմում են «իրենց» Երկրի օրվա մասին:
«Բոլորս պետք է երիտասարդ սերնդի մեջ սերմանենք այն մտածողությունը, որ մեր երկրի մեծագույն հարստությունը բնության բարիքներն են: Այդ բարիքները, սակայն, սահմանափակ են, եւ հարկ է, որ խնայողաբար վերաբերվենք դրանց»,- իր հերթին նշել է քարոզարշավի հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ասուլիսից անմիջապես հետո Մոսկվայի տան կինոսրահում կայացել է Հիմնադրամի «95 ծառ» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: 30-րոպեանոց վավերագրական ժապավենը պատմում է 95 տնկիների` Արեւմտյան Հայաստանից Երեւան կատարած ուղեւորության մասին: Հենց այդ տնկիները 2010 թ-ին, որպես Ցեղասպանության 95-րդ տարելիցի յուրօրինակ խորհրդանիշ, տնկվել են Ծիծեռնակաբերդի «Հուշերի պուրակում»:
«Երկրի օր-2011» քարոզարշավն այս տարի կամփոփվի մայիսի 8-ին Եռաբլուրում անցկացվող հանդիսավոր ծառատունկով:





























