Հարավային Կովկասի տարածքում Ադրբեջան անվանումն ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական եւ թե՛ անգամ աշխարհագրական առումներով, իսկ ադրբեջանցիներ անվանման կիրառումը դրանից էլ նոր է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին հարցին։

Ստորեւ ներկայացնում ենք հարցն ու պատասխանը.

Հարց. Ադրբեջանի արտգործանախարարության խոսնակն արձագանքել է Ձեր՝ նախօրեին տարածված մեկնաբանությանը: Այս  հայտարարության մեջ կրկին տեղ են գտել տարածքային, պատմական պահանջներ, ինչպես նաեւ բացասական գնահատականներ են տրվել ՀՀ-ում ներքաղաքական եւ ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ: Միեւնույն ժամանակ Ձեր համառոտ արձագանքները, ըստ ադրբեջանական կողմի, արտացոլում են հայկական կողմի սահմանափակ մտածելակերպը: Կարիք կա մեկնաբանության:

Պատասխան. Կա, բայց շատ համառոտ: Ես չեմ համարում, որ բառերի քանակը որեւէ ձեւով կարող են վկայել արտահայտվող մտքի ճշմարտացիությունը եւ արժեքը: Դրա լավագույն օրինակը հենց Ադրբեջանի ԱԳ խոսնակի հայտարարությունն է, որտեղ փորձ է կատարվում փաստարկների բացակայությունը քողարկել իրականության հետ աղերս չունեցող բառակույտերով:

Այդ տեսակետից կուզենայի անդրադառնալ երկու կետի՝ պատմությանը եւ ժողովրդավարությանը:

Ընդհանրապես կուզենայի խորհուրդ տալ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներ դնելուց առաջ ձեռնպահ մնալ «պատմական Ադրբեջան» արտահայտության կիրառումից:

Հարավային Կովկասի տարածքում Ադրբեջան անվանումն ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական եւ թե՛ անգամ աշխարհագրական առումներով, իսկ ադրբեջանցիներ անվանման կիրառումը դրանից էլ նոր է: Մենք հասկանում ենք, որ այդ երկրում վերջին հարյուր տարում ընթացել եւ ընթանում է նոր ինքնության ձեւավորման գործընթաց, որին մենք չենք ցանկանում միջամտել, սակայն դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ չենք կարող չհիշեցնել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:

Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա հավանաբար այս հարցում եւս մենք ադրբեջանական կողմի հետ ունենք խիստ տարբերվող պատկերացումներ: Օրինակ մենք չենք կարող համարել, որ իշխանության փոխանցումը մեկ ընտանիքի տարբեր անդամների միջեւ ժողովրդավարական պրակտիկայի մաս է կազմում:

Ադրբեջանի ցածր ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ մեր գնահատականը շարունակաբար հաստատվում է նաեւ տարբեր միջազգային դերակատարների կողմից, որոնք գնահատում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակը տարբեր ինդեքսների միջոցով: Այս դեպքում նույնպես պետք է փաստենք, որ ժողովրդավարությունը եւս Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:

Վերջում կուզենայինք ընդգծել, որ խորապես հավատում ենք, որ անգամ առկա ընկալումների տարբերությունների դեպքում հնարավոր է պահպանել շփումների հարգալից տոնայնությունը եւ այս մաղթանքը հասցեագրում ենք նաեւ ադրբեջանական կողմին: