Մենք ունենք երեք տարբերակ. մեկն այն է, որ արտակարգ դրություն հաստատելու որոշման նախագծում գրած է, այսինքն առողջապահության նախարարը սահմանում է այն երկրների ցանկը, որտեղից արգելվում է Հայաստան մուտք գործել օդային տարածքով: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, կառավարության արտահերթ նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, երկրորդ առաջարկը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանինն է, որ արտակարգե դրության ողջ ընթացքում պետք է պարզապես տոտալ արգելել օդային ուղղություններով օտարեկրացիների մուտքը Հայաստան, իսկ երրորդ տարբերակն առաջարկեց Գլխավոր դատախազը, որ տոտալ արգելք մտցվի, սակայն պարետին թույլ տրվի սահմանել այն երկրների ցանկը, որտեղից կթույլատրվի մուտք գործել Հայաստան: Նիկոլ Փաշինյանը տրամաբանական համարեց երրորդ  մոդելը:

Փոխվարապետ Մհեր Գրիգորյանը նկատեց. «Այն պահին, որ մենք հրապարակենք այդ երրորդ մոդելը, ոչ ոք չի թռչի Հայաստան: Իրենք ապրիորի հասկանալու են, որ Հայաստան մուտքն արգելված է: Նրանք չեն խորանալու՝ պարետը թույլ տվեց, թե չտվեց: Ես երաշխավորում եմ, որ ավիաընկերությունները չեն թռչի, ինչը սխալ է: Պետք չի նման բաներ անել»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հունվարի 20-ից այս դիլեմայի մեջ են. «Արդյոք 100 տոկոսով փակվենք , ինչպես 100 տոկոսով փակվենք, եթե առանց այդ էլ մեր հակառակորդներն ամեն ինչ անում են, որ մենք 100 տոկոսով փակվենք: Բա ոնց պայքարենք, որ առողջապահական միջոցառումները լինեն 100 տոկոսանոց արդյունավետ, հետո ոնց պայքարենք, որ այդ միջոցառումների տակից կարողանանք դուրս գալ: Մենք կարող ենք ասել, որ մեկ ամսով ոչ մեկին ոչ դուրս ենք թողնում, ոչ ներս ենք թողնում, բայց դրանից հետո հույս ունեմ, որ կգա բնականոն կյանքը եւ մենք կսկսենք հաշվել մեր վնասները: Բայց ես պարոն Մնացականյանին էլ եմ հասկանում, որ եթե մի փոքր միջանցք թողնենք, այդ պուճուր միջանցքով վիրուսը կարող է սողոսկել»: