Առաջարկվում է 2 տարի ժամկետով սահմանափակել Հայաստանի տարածքում հանքարդյունաբերական գործունեության համար նոր թույլտվությունների տրամադրումը, սակայն խոսքը միայն մետաղական հանածոների մասին է: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ընդերքի մասին» օրենսդրությունում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում ասաց «Իմ քայլի» պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Մերի Գալստյանը:

«Այդ ոլորտում լուրջ բացթողումներ կան, որոնք մեծ ռիսկեր են ստեղծում պետության համար՝ ստեղծված իրավական փոխհարաբերությունների համատեքստում, եւ այդ 2 տարում պետությունը՝ ի դեմս կառավարության, պետք է աշխատի ձեւավորել հստակ ռազմավարություն եւ քաղաքականություն, որը կբխի այդ օրենսդրական բարեփոխումներից»,- պարզաբանեց Գալստյանը՝ հավելելով, որ այդ ոլորտում բարեփոխումներ պետք է անցկացնել մաքսիմալ սեղմ ժամկետներում:

Բավական երկարատեւ քննարկումներից հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց՝ համարելով, որ դա վատ ազդանշան կլինի ներդրողների, բիզնեսի եւ անցանկալի՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար: