«Գյումրի 1» եւ «Գյումրի 2» սոցծառայություններում հաշվառված նպաստառու ընտանիքների  թիվն այս տարի 1800-ից նվազել է 750-ի:

Այս առնչությամբ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Ապահովել ենք հասցեականության հստակեցում: Նախկինում հնարավոր էր, որ մարդիկ չլինելով սոցիալապես անապահով, նպաստ էին ստանում: Հիմա նրանք բոլորը դուրս են մնացել այդ ցուցակներից»:

Իսկ գյումրեցի նախկին նպաստառուները նշում են, որ նպաստառուների թվի նվազումը ոչ թե սոցիալական վիճակի բարելավման հետեւանք է, այլ պարզապես կառավարության համապատասխան որոշմամբ, շատ ընտանիքներ դուրս են մնացել համակարգից: «Եթե նախկինում համակարգում հաշվառելու համար, նկատի էր առնվում միայն փաստացի բնակության վայրից ներկայացվող տեղեկանքը, ապա նոր որոշմամբ, նպաստառուները պարտավոր են ներկայացնել տեղեկանք պետական ռեգիստրից:

Կառույցից փաստաթուղթ ներկայացնել շատերին չի հաջողվում, քանի որ չեն հասցնում սպասարկել բոլորին, ինչի հետեւանքով տվյալ անձը մեխանիկորեն դուրս է մնում ցուցակներից ու զրկվում նպաստից»,-ասել է 80-ամյա Արա Քոթանջյանը, ով  22 տարի ապրել է տնակում, եւ օգտվել նպաստից: Երբ քաղաքացին ստացել է  իր հասանելիք բնակարանը, սոցծառայությունում պատճառաբանել են, որ այլեւս չի կարող օգտվել աղքատության նպաստից, քանի որ նրա պայմաններն արդեն բարելավվել են:

Նշենք, որ կառավարության որոշման համաձայն, ընտանեկան նպաստի իրավունք ստանալու համար պետք է ընտանիքի անապահովության սահմանային միավորը լինի 33: Նպաստառու ընտանիքներն օգտվելու են համեմատաբար էժան գազից, այսինքն սպառած  մեկ խմ գազի դիմաց վճարելու են 100, այլ ոչ` 132 դրամ: Սոցծառայություններում նպաստառուների ցանկը դեռեւս վերջնականապես հստակեցված չէ, գործընթացը շարունակվում է: