«Ժամանակի» տեղեկություններով, անցյալ շաբաթ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ուշագրավ հանդիպում է ունեցել։ Նախ նա հանդիպել է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։ «Ուշագրավ է, որ Գագիկ Բեգլարյանը, ով քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո համառորեն հրաժարվեց իրեն առաջարկված բոլոր պետական պաշտոններից, իշխանության մեջ համարվելով Սերժ Սարգսյանի թիմակիցը` ներիշխանական քաղաքական այս լարված ժամանակաշրջանում հանդիպում է Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ իր իշխանության տարիներին իր թիմակիցը համարվող Երեւանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանին։ Ի տարբերություն Գագիկ Բեգլարյանի` Կարեն Կարապետյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը, որը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտից հետո իրեն ամբողջությամբ համարում է Սերժ Սարգսյանի «մարդը»։

Այս երկու հանդիպումների փաստն ինքնին խոսում է առաջիկայում ներիշխանական նոր զարգացումների անխուսափելիության մասին, որից առաջ Ռոբերտ Քոչարյանը «գույքագրման» է ենթարկում իր նախկին եւ ապագա պոտենցիալ թիմը»,-գրում է թերթը։