Նախօրեին կրկին կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը, գրում է «Հայկական ժամանակ»-ը: Երեկ թերթին հայտնի է դարձել, որ Միքայելյանի մոտ ճնշման տատանումներ են եղել: Քաղբանտարկյալի ճնշումը հասել է 200-ի, այնուհետեւ կտրուկ իջել է 120-ի: Ճնշման այդ տատանման արդյունքում խիստ վատացել է նրա սրտի աշխատանքը: Բժիշկները երկար ժամանակ ստիպված են եղել հերթապահլ Միքայելյանի մոտ, ով պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պերսկոտը եւ Աքսել Ֆիշերը ապրիլի 15-ին տարածած իրենց հայտարրաությանը կից փաստաթղթում արձանագրել էին. «Պարոն Միքայելյանի առողջությունը շատ արագ վատանում է եւ պետք է անպայման դա հաշվի առնել: Նրա առողջական վիճակը պետք է օգտագործել որպես հիմք` վաղաժամկետ ազատման համար, ինչպես դա առաջարկել էր Մարդու իրավունքենրի հանձնակատարը 2011 թ. հունվարին Երեւան կատարած իր այցելության ժամանակ»:




























