Քաղաքական իրադարձությունների ազդեցությունը տնտեսական համակարգերի վրա այնքան խորն է ու ուղղակի, որ նույնիսկ այնպիսի ապաքաղաքական մարմիններ, ինչիսիք կենտրոնական բանկերն են, չեն կարողանում խուսափել քաղաքական գնահատականներից։

Սակայն նույնիսկ այդ պարագայում ՀՀ Կենտրոնական բանկի՝ արաբական աշխարհում ընթացող երեույթներին տրված գնահատականը կարելի է արտառոց համարել։ Բանն այն է, որ ապրիլի 26-ին հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ արաբական աշխարհի իրադարձությունները ՀՀ ԿԲ-ի կողմից գնահատված են որպես՝  «խռովություններ», որոնք բացասաբար են անդրադարձել նավթամթերքի գների վրա:

Սակայն մեր ԿԲ-ն դրանով չի բավարարվել։ «Համաշխարհային շուկայում նավթի պակասը, խռովությունների հետագա տարածման հնարավորության բացառման դեպքում, թերեւս հնարավոր կլինի լրացնել այլ երկրների նավթի արդյունահանման հաշվին, ինչը կզսպի գների հետագա թռիչքային աճը» - գրել են ԿԲ վերլուծաբանները։

Ոչ ավելի, ոչ պակաս՝ աշխարհում ի հայտ են եկել ինչ-որ խռովարարներ, որոնք վտանգում են Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ներկան ու ապագան։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ քաղաքագիտական միտքը դեռեւս հստակություն չի մտցրել այն հարցում, թե իրականում ինչ բովանդակություն ունեն արաբական վերջին զարգացումները։ Ոմանց կարծիքով՝ դրանք իսկական ժողովրդական հեղափոխություններ են, որոնք տանում են դեպի ժողովրդավարություն։ Այդ բնորոշումն են ստացել եգիպտական դեպքերը, Ալժիրի, Թունիսի զարգացումները։

Քաղաքագետների մի մասը հակված է այդ զարգացումները բնորոշել որպես զինված ապստամբություն։ Սա առավել բնորոշ է լիբիական դեպքերին։ Միայն շատ քիչ մասն է արաբական դեպքերը բնորոշում որպես «խռովություն», քանի որ այդ բառը լիովին արժեզրկում է այն դրականը, որ առկա է արաբական գործընթացներում։ Նշենք, որ «խռովություն» տերմինը չի կարող կիրառվել համաժողովրդական շարժումների ժամանակ, այն արտահայտում է բացառապես փոքրամասնության ընդվզումները, որը ժողովրդավարության հետ որեւէ առնչություն կարող է եւ չունենալ։

Դժվար է ասել՝ արդյոք ԿԲ-ի հրապարակած փաստթղթում տեղ գտած բառը պատահական վրիպա՞կ է, թե՞ արտահայտում է ԿԲ ղեկավարության դիրքորոշումը քաղաքական այդ զարգացումների նկատմամբ։ Սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք պարտավոր էին բացառապես չեզքոք դիրքորոշում ունենալ։

Նկատենք, որ նույնիսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շատ ավելի հավասարակշռված մոտեցում ունի այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում արաբական աշխարհում։

Սամվել Ավագյան