Դրամի արհեստական արժեւորումը Ռոբերտ Քոչարյանի «թալան-պրոյեկտներից» մեկն է, որ սկսվել է 2003 թ.՝ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի «պրարաբությամբ»։ Այս մասին նշված է Հայ ազգային կոնգրեսի օրեր առաջ տարածած թերթոնում:

Այնտեղ, մասնավորապես, նշված է, որ դրամի արհեստական բարձր փոխարժեքը պահպանելու համար ՀՀ արտաքին պահուստներից մոտ 1 մլրդ դոլար է «մսխվել»։ ՀԱԿ-ի կարծիքով՝ դրամի արհեստական արժեւորումը ծանր հետեւանքներ է ունենում երկրի տնտեսության վրա՝ սպանում է տեղական արտադրությունը, բարձրացնում գործազրկության մակարդակը, որը պաշտոնական տվյալներով կազմում է 29 տոկոս կամ 470 հազ. մարդ։

Նշվում է նաեւ, որ դրամի արժեւորմամբ է պայմանավորված կապիտալի հսկայածավալ արտահանումը (տարեկան 1 մլրդ դոլար), իսկ վերջին շրջանում նաեւ բիզնեսի փախուստը Վրաստան։

«Սերժ Սարգսյանը ստիպված էր խոստովանել այս սխալը եւ խոստանալ, որ Հայաստանում թույլ կտրվի դրամի սահուն արժեզրկում՝ մինչեւ իր բնական փոխարժեքին հասնելը»,- նշված է ՀԱԿ-ի թերթոնում։ Սակայն ՀԱԿ տնտեսագետների կարծիքով՝ սահուն արժեզրկման համար վաղուց արդեն ուշ է, ու այդ փորձերը կարող են ավարտվել մի նոր փլուզմամբ։