Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, առաջարկելով ուսանողների երթեւեկության համար ավելի ցածր գին սահմանել:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մամուլից տեղեկացանք, որ այսօր` ապրիլի 26-ին, Երեւանի քաղաքապետարանի չինովնիկները թողնելու են իրենց ծառայողական մեքենաներն ու շրջելու են հասարակական տրանսպորտով: Իհարկե, ողջունելի է, որ տաք կաբինետներին սովոր չինովնիկները երթեւեկելու են «սովորական մահկանացուների» հետ միասին, սակայն շատ ավելի լավ կլիներ, եթե քաղաքի բոլոր պաշտոնյաները` այդ թվում եւ Դուք, պարբերաբար նման քայլ կատարեիք` հասարակական տրանսպորտի ողջ բարդություններն ու խնդիրները հասկանալու համար:

Ընդհանրապես, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե քաղաքապետարանը նաեւ ուշադրություն դարձներ տարբեր սոցիալական խավերի խնդիրներին:  Մենք առաջարկում ենք, որպեսզի Դուք հատուկ ուշադրության կենտրոնում պահեք ուսանողության հետ կապված հարցերը: Այսպես, հնարավորության պարագայում կարելի է անվճար կամ էլ շատ ավելի ցածր սակագին սահմանել Երեւանի վարչական շրջաններում բնակվող  բոլոր այն ուսանողների համար, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից: Կամ էլ, պայմանավորվել համալսարանների ղեկավարության հետ եւ մի քանի տասնյակ ավտոբուսներ գնելով` հնարավորություն ընձեռել ուսանողներին անվճար բուհեր հասնել:

Այսկերպ, դուք նաեւ կլուծեք մեկ այլ` քաղաքական խնդիր: Կատարելով նման սոցիալական  ծրագիր, կզրկեք շատ քաղաքական կուսակցություններին ուսանողներին անվճար այստեղ-այնտեղ տեղափոխելով` քաղաքական դիվիդենտներ շահելու վաղեմի եւ արդեն «ավանդույթ» դարձած հնարավորությունից` ուսանողությանը զերծ պահելով քաղաքական շահարկումներից»: