«Հրապարակ»-ը գրում է. «Վերջերս Հայաստանի իշխանամետ մամուլում տեղեկություն տարածվեց, որով փորձ էր արվում «Հոկտեմբերի 27-ի» գործը բարդել Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա:
«Ես չեմ պատկերացնում, թե ոնց կարող էր այն ժամանակ արդեն պաշտոնաթող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խանգարել «Հոկտեմբերի 27»-ի գործը հետաքննող քննչական մարմիններին` հարցաքննելու, ասենք, Ալիկ Հարությունյանին կամ դատական մարմիններին` դատական գործընթացը նորմալ հունով տանելով: Որպեսզի կարողանայիր էդ գործընթացին տիրապետել, դրա համար իշխանություն էր պետք ու լուրջ իշխանություն էր պետք: Ընդհանրապես չեմ ուզում էդ հարցը քննարկել: Դա հիվանդ ուղեղի արգասիք է»,-լրագրողի հարցին ի պատասխան` հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` շարունակելով. «Ինչու հասարակությունը սկսեց կասկածել ներկա իշխանություններին «Հոկտեմբերի 27»-ի մասով, որովհետեւ եղած վկաների կեսին հարցաքննեցին, կեսին չհարցաքննեցին: Դատավորը հիվանդացով ամիսներով, հետո շատ արագ սկսեցին դատական նիստեր անել: Ես ուզում եմ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտվի ոչ թե նրա համար, որ Վազգեն Սարգսյանն իմ եղբայրն է, այլ երկրի համար, եւ շատ-շատ մարդիկ, որ քաղաքացի են, դա են ուզում»:




























