Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1098-ի, վերջին մեկ օրվա ընթացքում վարակվել է 40 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով հանրապետության կառավարության օպերատիվ շտաբին։

«Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 40 նոր դեպք։ Բուժվել է 50 հիվանդ։ Այսօրվա դրությամբ մեր երկրում կա կորոնավիրուսային վարակի հաստատված 1098 դեպք։ Նրանցից 250 պացիենտ բուժվել է, 11 մարդ՝ մահացել, իսկ 837 մարդ շարունակում է բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում»,-ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։

Անցած ժամանակահատվածում երկրում կատարվել է կորոնավիրուսի 66 677 թեստ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը որպես պանդեմիա։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցված է վարակման արդեն 1.6 միլիոն դեպք, որոնցից 99 հազարը մահացել է։