Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման սոցիալական աջակցության շրջանակներում ընդհանուր վեց սոցիալական փաթեթ է գործում, եւ դրանց շահառուները, բացի միջոցառումների 8-րդ փաթեթից, 18 հազար քաղաքացի է, որոնց 1.4 միլիարդ դրամ է հատկացվել: Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա հավելեց, որ նախօրեին մեկնարկած միջոցառումների ութերորդ փաթեթով 45 հազար հայտից բավարարվել է ընդհանուր 27 հազար հայտ` 1.8 միլիարդ դրամի: «Միջոցառումների այս փաթեթով անհրաժեշտ է հայտ ներկայացնել առցանց.ssa.am կայքում: Միջոցառումների վեցերորդ փաթեթով շահառու է դարձել 6723 մարդ: Իններորդ փաթեթով հայտեր ներկայացնելու համար համակարգի աշխատանքը մի քանի ժամով դադարեցվել է, բայց շուտով կվերսկսվի»,- նշեց Զարուհի Բաթոյանը:
Նախարարն ընդգծեց, որ սննդի եւ ախտահանման միջոցների տրամադրման մասով աշխատում են տեղական իշխանությունները` կամավորների եւ ՀԿ-ների հետ համատեղ:




























