Ռուսաստանն ունի միանգամից մի քանի չափազանց լուրջ ճնշման լծակներ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով Ղրղզստանի մայրաքաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը։
Փորձագետի խոսքով՝ Կրեմլը, օրինակ, կարող է փակել Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները։ Խոսքը 1-1,5 մլրդ դոլարի մասին է։
«Երկրորդ՝ նրանք մինչ օրս չեն բացել իրենց շուկան մեր գյուղմթերքի համար։ Այսպիսով, Հայաստանի տարեկան վնասը կարող է կազմել մոտ 1 մլրդ դոլար։ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին, հոկտեմբերին կամ ծայրահեղ դեպքում նոյեմբերին ստիպված կլինի ինչ-որ տեղից գտնել մեկ միլիարդ դոլար։ Դա անհրաժեշտ է, որպեսզի բանկերը վերջապես կարողանան վերադարձնել նախկինում գյուղացիական տնտեսություններին տրված վարկային միջոցները»,- պարզաբանել է Բադալյանը։
Բացի այդ, ինչպես նշել է քաղաքական տեխնոլոգը, Մոսկվան կարող է արտաքսել Ռուսաստանում աշխատող և բնակվող Հայաստանի մի քանի հարյուր հազար քաղաքացիների։
«Ինչ-որ թերթերում նշել էին 170 հազար մարդու թիվը։ Բայց եթե ավելի ճշգրիտ լինենք, ապա այսօր Ռուսաստանում գտնվում է մոտ 800 հազար հայ, որոնք չունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Ահա նրանց կարող են արտաքսել։ Իհարկե, ոչ բոլորին, բայց 300 հազարն էլ բավական է։ Իսկ հիմա պատկերացրեք այսպիսի իրավիճակ՝ հանրապետություն են ժամանել 300 հազար մարդ, որոնք հայտարարում են․ «Նիկոլ Փաշինյան, հաց տուր մեզ։ Քո պատճառով ես կորցրել եմ իմ հացը։ Ես ապրում էի Կրասնոդարում և լավ էի ապրում։ Ես ապրում էի Սամարայում, ես ապրում էի Լիպեցկում, ես ապրում էի Մոսկվայում և ունեի իմ բիզնեսը։ Հիմա քո պատճառով ես այս ամենը կորցրել եմ»։ Եվ ի՞նչ, դուք կարծում եք՝ Ոստիկանությունը կկանգնի ու կասի․ «Հեռացե՛ք Կառավարության շենքից»»։- ասել է փորձագետը։
Բադալյանը համոզված է, որ ամեն ինչից զրկված մարդիկ, որոնք, բացի այդ, ստիպված են նայել իրենց դժբախտ երեխաների քաղցած դեմքերին, չեն լսի Ոստիկանության աշխատակիցների փաստարկներն ու պահանջները։
«Դրան գումարած՝ գազի հարցը։ Ուզո՞ւմ եք Եվրամիություն։ Ուրեմն Հայաստանի համար գազի գինը կլինի նույնը, ինչ ԵՄ անդամ երկրների համար։ Հիմա գազը սահմանին արժե 170,5 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար, մինչդեռ Եվրոպայում՝ մոտ 750 դոլար։ Սա նշանակում է, որ վերջնական սպառողը 1000 խորանարդ մետրի համար կվճարի 800-850 դոլար»,- ավելացրել է փորձագետը։
Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Նրա խոսքով՝ գազի թանկացումն անմիջապես կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի թանկացման։ Այս ամենը միասին կհանգեցնի Հայաստանում արտադրվող բոլոր տեսակի ապրանքների թանկացման։
«Այն թոշակառուներն ու ընտրազանգվածը, որոնք այդքան ուրախ ծափահարում էին Նիկոլ Փաշինյանին, սովորական հացի համար կվճարեն ոչ թե 220 դրամ, այլ 1000 դրամ։ Ամեն ինչ մի քանի անգամ կթանկանա»,- պարզաբանել է քաղաքական տեխնոլոգը։





























