Գյումրիի Վիրաբուժական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Խաչատուր Կարապետյանը դժգոհ է, որ Գյումրիում բժիշկները չեն կարողանում բարեկեցիկ` «բժշկին վայել» ապրել:
«Բժշկին վայել ապրել, նշանակում է բժշկին վայել սնվել, հագնվել: Մեզ մոտ ոչինչ հնարավոր չէ անել, կիսատ-պռատ թատրոն ու համերգ ենք գնում, որոնց տոմսերը ստիպողաբար ենք գնում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գլխավոր բժիշկը` չմասնրամասնելով սակայն, թե ովքեր են բժիշկներին ստիպում տոմսեր գնել:
Դիտարկմանը, թե բնակչության շրջանում Գյումրիի Վիրաբուժական հիվանդանոցը մարզի ամենակոռումպացված բուժհիմնարկներից մեկի համարումն ունի, Խ. Կարապետյանն արձագանքեց, թե իրենց հիվանդանոցի մասին բացասական կարծիք հայտնողները «ճիճվոտ լոբի ու օգնության ոսպ ուտողներն են, ովքեր չեն ուզում անգամ համավճարով սահմանված գումարները վճարել եւ չարախոսում են»:
Նրա ներկայացմամբ, «համավճարի ներդրումից հետո կաշառք վերցնել չեն կարող, աշխատավարձը բարձրացել է, թեեւ կրկին չի բավարարում»:
Ըստ Կարապետյանի` շատ է խոսվում վիրաբուժականի մասին`որպես կոռումպացված հիմնարկ այն պարզ պատճառով, որ «հիվանդանոցը վիրաբուժական պրոֆիլ ունի, իսկ վիրաբուժական ծառայությունները միշտ թանկ են ցանկացած երկրում»:





























