Պե՞տք են, թե պետք չեն Հայաստանի տնտեսությանը հարկային արտոնություններ. այս հարցը կրկին մտել է տնտեսական քաղաքականության օրակարգ։
Տարբեր լոբբիստական խմբեր ու կազմակերպություններ միշտ էլ ձգտել են կառավարությունից արտոնություն ստանալ, սակայն մեր տնտեսական իշխանությունները ավելի հակված էին լսելու Արժույթի Միջազգային Հիմնադրամի հորդորներին՝ յոլա գնալ առանց արտոնությունների։
Սակայն առկա է ճեղքում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, հայաստանյան գործարար շրջանակների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ, խոստացավ հարկային արտոնություն տալ այն ընկերություններին, որոնք արտադրություն կկազմակերպեն նորարարության հիման վրա։ Խոսքը գնում է 3-4 տարով շահութահարկից ազատելու, կամ ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգելու մասին։ Ընդ որում, ըստ նախագահի, այդպիսի արտոնություններից կարող են օգտվել նաեւ այն ընկերությունները, որոնք կարտադրեն այնպիսի արտադրանք, որ մինչ այդ Հայաստանում չի արտադրվել։
Դրան հետեւեց ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գիլերմո Տոլոսայի բավական կոշտ առարկությունը։ Գ. Տոլոսան շատ հստակ ասաց, որ ԱՄՀ-ն դեմ է ամեն տեսակ հարկային արձակուրդների եւ հիշեցրեց, թե ինչպիսի տխուր իրավիճակ է հարկահավաքման բնագավառում։
Հայկական բիզնեսը «տակ չմնաց», ու Գ. Տոլոսային ուղղված բաց նամակում մի շարք կազմակերպություններ նրան համարյա թե մեղադրեցին Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտելու մեջ։
Ըստ էության՝ մենք գործ ունենք 2 ծայրահեղ դիրքորոշումների հետ։ Նախ՝ չկա աշխարհում մի այնպիսի երկիր, որ ընդհանրապես հրաժարվել է հարկային արտոնությունների գաղափարից։ Որքան էլ որոշ տեսություններ փողհարեն, թե հավասարությունից ու ազատությունից լավ բան չկա, փորձը ցույց է տալիս, որ ազատ շուկան ավելի շատ վիրտուալ հասկացություն է, եւ առանց պետական աջակցության շուկան ցանկացած վայրում կարող է արագորեն ուզուրպացվել։ Սա այսօր խոստովանում են ԱՄՀ-ի հետ կապ չունեցող համարյա բոլոր տնտեսագետները։ Պատահական չէ, որ հատկապես միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու համար հարկային արձակուրդները ընդլայնեցին ինչպես ԱՄՆ-ի նման լիբերալ տնտեսությունները, այնպես էլ Ռուսաստանի ու Չինաստանի նման կիսափակ տնտեսությունները։
Սակայն ակնհայտ մոլորություն է այն տեսակետը, թե հարկային արտոնությունները կփրկեն Հայաստանի տնտեսությունը, ու բոլոր տնտեսական հիվանդությունների հրաշագործ դարման կծառայեն։ Եթե հարկային արտոնությունը սխալ է կիրառվում, ապա դրա վնասը շատ մեծ է։ Հայաստանն արդեն փորձ ունի հարկային արտոնությունների անհաջող կիրառման։ 90-ական թվականների սկզբում, երբ մեր հարկային համակարգը նոր էր ձեւավորվում, սահմանվեցին բազմաթիվ հարկային արտոնություններ։ Բայց դրանք ծառայեցին միայն ստվերային տնտեսությանը, իսկ բյուջեի սոցիալական խնդիրները մնում էին չլուծված։
Մեր երկիրը բավական ծանր մի էտապ անցավ այդ արտոնություններից հրաժարվելու համար։ Կամ վերցնենք վերջին դեպքը, երբ շահութահարկի 3 տարվա արտոնություն սահմանվեց օտարերկրյա կապիտալով ձեռնարկությունների համար։ Թվում էր՝ ճիշտ քայլ է, հարկավոր է խրախուսել օտարերկրյա կապիտալի մուտքը։ Բայց ի՞նչ եղավ՝ օլիգարխներին պատկանող ընկերությունները 3 տարին մեկ լուծարվում էին, ու փոխարենը հիմնվում էր նոր ընկերություն՝ հարկային արտոնությունից օգտվելը շարունակելու համար։ Հիմնական խնդիրը չլուծվեց, իսկ օլիգարխների ստվերը մեծացավ։
Այս ամենը խոսում է այն մասին, որ հարկային արտոնությունը պետք է կիրառել խելամտորեն ու չափավոր։ Եթե մեխանիզմները հստակ չեն, ապա ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել այդ գաղափարից, ու այս առումով Գ. Տոլոսայի նկատողությունը տեղին է։
Սամվել Ավագյան




























