Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչների տնամերձ այգիներում չորացել են հոնի ծառերը, որոնց բերքից ստացած եկամուտը գյուղացիներից շատերի ապրուստի հիմնական միջոցն է։ Զորականցիներից Ռաֆո Բաբաջանյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թփերի չորանալու պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է։
«20 թվականին ընհանրապես բերք չենք սպասում։Վերջին անգամ այգիները ջրել ենք օգոստոսի 7-8-ին, այն էլ չէին ուզում ջուր տան, դիմել ենք մեր տարածքի պատգամավոր Սիփան Փաշինյանին, որի հորդորներից հետո միացրել են: Այնուհետև, երբ երաշտային վիճակը շարունակվում էր, կիսահասունացած բերքի մեծ մասը չորացավ ծառերի վրա, օրերով +40 աստիճանից ջերմաստիճանը չէր իջնում, դիմեցինք ջուր մատակարարող ընկերությանը, որ գոնե ծաղկաբողբոջի հասունացման շրջանում ջրենք, հաջորդ տարվա բերք ունենալու ակնկալիքով, մերժեցին, ջուր չմատակարեցին: Ցանկացած հիմար և անհեթետ պատճառ կարող են մեջ բերել, որպեսզի ջուր չտան»,- նշեց նա՝ հավելելով, որ գյուղի տնամերձ այգիների 80%-ի ծառներն այդ վիճակում են։
Գյուղացու խոսքով՝ ոռոգման ջրի խնդիրը նոր չէ, 28 տարի է, ինչ իրենք պայքարում են ջուր ունենալու համար։ Ջրի բացակայության պատճառով տարբեր մշակաբույսերի մինչեւ 30 հեկտար հողատարածք չորացել է տարիների ընթացքում, այժմ մշակովի են դրանցից միայն մի քանի հեկտարը։ Ոռոգման ջուրը ամբողջ տարվա ընթացքում նրանց հասանելի է լինում միայն երկու ամիս։
«Ոռոգման սեզոնը սկում է ապրիլին, վերջանում՝ հոկտեմբերին։ Սովորաբար մեզ ջուրը տվել են հունիսից մինչեւ օգոստոսի սկիզբ։ Նշում են, թե մեզ ջուր են տվել, բայց չեն տվել, չենք ունեցել, փորձարկել են իրենց պոմպայականը ու անջատել»,- ասաց զորականի բնակիչը՝ նշելով, որ ենթադրում են գործող կոռուպցիոն սխեմայի առկայության մասին։
Ռաֆո Բաբաջանյանն ու իր համագյուղացիները զրկվել են այս տարվա բերքից, բայց հույս ունեն հարցը բարձրացնելով լուծել գոնե գալիք տարվա հարցը։ Դրա համար նրանց անհրաժեշտ կլինի սահմանված կարգով ոռոգման ջուր ստանալ ամբողջ սեզոնի ընթացքում։ Հակառակ դեպքում, ինչպես նշում է Զորականի բնակիչը, գյուղացիներից շատերը ստիպված կլինեն լքել երկիրը․ «Տարիներով միշտ պայքարել են, խոստացել են, որ կկարգավորվի, բայց հիմա է դանակը հասել է ոսկորին։ Ո՞վ է պատասխան տալու մեր բերք չունենալու համար։ Կամ պետք է հիմա ջուր տան, կամ պիտի արտագաղթ, ջուր ենք ուզում»։































