Ավելի լավ էր բանավոր կարգադրությամբ անձնական ազատության սահմանափակման նախագիծ չսահմանեին եւ ինչպես նախկինում էին առանց սահմանված կարգի դա անում, շարունակեին այդպես անել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Ես ուղղակի զարմացած եմ, թե ինչպես են տրամաբանում եւ մտածում Կառավարությանը մոտ կանգնած իրավաբանները, որ ենթադրում են՝ այդպիսին պիտի լինի։ Տեւական ժամանակ երկրում արտակարգ դրություն է, դրա հիման վրա պարետը կայացնում է որոշումներ։ Տեղյակ ենք, որ անձանց ազատությունը սահմանափակվում է տեւական ժամանակ։ Միայն փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից հարցը հրապարակային բարձրացնելուց հետո, որ անձի ազատության իրավունքը չի կարող ուղղակիորեն սահմանափակվել, դրա համար պիտի գործի համապատասխան կարգ, օրենք, որը պիտի դա կարգավորի, պիտի լինի կարգ, որ անձը, ում ազատությունը սահամանափակվում է՝ նվազագույն իրավունքներից օգտվի, առնվազն որոշում պիտի լինի նրա ազատությունը սահմանափակելու համար, պետք է սահմանված լինի, թե նա այդ ընթացքում ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի։ Սա լսելուց հետո Կառավարությունը որոշում է սահմանել կարգ, որ ինչ-որ մեկի բանավոր հրահանգով մարդուն պիտի ազատությունից զրկեն»,- ասաց փաստաբանը։
Վարոսյանն ասաց, որ կարող են լինել հատուկ լիազորված անձինք, որոնք ունենան հստակ, հիմնավոր որոշում եւ կարողանան այդ կարգով կայացնել անձին ազատությունից զրկելու որոշումը. «Թեկուզ կարճ, բայց պատճառաբանություն պիտի ունենա այդ որոշումը։ Որոշմամբ սահմանված ժամկետ պիտի լինի. քանի՞ օրով են մարդուն ազատությունից զրկում, ազտությունից զրկված լինելու ընթացքում ինքն արդյոք այդ որոշումը բողոքարկելու իրավունք կունենա՞, թե՞ ոչ, ի՞նչ պայմաններում պիտի պահվի։ Հաստատում են մի կարգ, որն ավելի լավ է չհաստատեն եւ մնա այնպես, ինչպես անում էին մինչեւ սա»։
Նշենք, որ ՀՀ կառավարությունն ապրիլի 23–ի նիստում փակ ռեժիմով, չզեկուցվող հարցերի շարքում քննարկել եւ հաստատել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագիծը:
Ըստ այդմ՝ օրենքում արված մի լրացմամբ սահմանվել է. «Համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին եւ կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների եւ տնտեսական հետեւանքների հակազդման նպատակով ՀՀ կառավարության կողմից կարող են սահմանվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ»:




























