Ֆրանսիական ոստիկանությունն առգրավել է 140 հազար մաքսանենգ բժշկական դիմակ՝ նախատեսված սեւ շուկայի համար: Սա ռեկորդային խմբաքանակ է, որ առգրավվել է երկրում կորոնավիրուսի համավարակը սկսվելուց ի վեր, փոխանցում է RG-ն:
Ֆրանսիայի կառավարությունն ավելի վաղ արգելել էր պաշտպանական դիմակների վերավաճառքը, որ առաջնահերթություն տա առողջապահության ոլորտի աշխատակիցների շրջանում դրանց անվճար բաժանմանը:
Ոստիկանությունում իր աղբյուրներին վկայակոչելով՝ AFP-ն հայտնում է, որ Փարիզից հյուսիս Սեն Դենիում արկղերը բեռնաթափելիս կալանավորվել է երկու մարդ:
Նրանցից մեկը հայտնել է, որ ինքը բիզնես ունի եւ դիմակները, այդ թվում՝ պաշտպանության բարձր աստիճանով, գնել է Նիդերլանդներում՝ ընդհանուր 80 հազար եվրո գումարով: Ոստիկանության տվյալներով՝ դիմակները շինարարներին էին վաճառվելու բարձր գնով:
Մարտին Չինաստանից 32 հազար մաքսանենգ դիմակ էր առգրավվել Փարիզի մոտ գտնվող պահեստից, իսկ 29 հազար դիմակ հայտնաբերվել էր Փարիզի հյուսիսում գտնվող խանութներից մեկում:




























