Հոկտեմբերի 4-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատմության ընթացքում ամենամեծ պարտությունն է կրել Հունաստանում իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը։ Հաղթանակած ընդդիմադիր Համահունական սոցիալիստական շարժումը կարող է ձեւավորել միակուսակցական կառավարություն։ Ընտրությունների արդյունքների համաձայն՝ այն հավաքել է ընտրողների շուրջ 44 տոկոս ձայները եւ Հունաստանի 300 տեղ ունեցող միապալատ խորհրդարանում կարող է զբաղեցնել 160 տեղ։ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը 33,8 տոկոսով եւ 92 մանդատով ստիպված կլինի ընդդիմություն դառնալ։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Երրորդ տեղը զբաղեցրած Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը ստացել է 7,4 տոկոս ձայներ եւ 20 մանդատ, Ազգայնական ուղղափառները՝ 5,6 տոկոս եւ 15 պատգամավորական տեղ, իսկ Ձախ ռադիկալների խորհուրդը՝ 4,5 տոկոս ձայներ եւ 13 տեղ խորհրդարանում։
Ինչպես հայտնում է «Эхо Москвы»-ն, Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսն արդեն հայտարարել է իր հրաժարականի մասին։ «Ես ընդունում եմ ընտրությունների արդյունքների պատասխանատվությունը եւ սկսում եմ կուսակցության նոր ղեկավարի ընտրության գործընթացը»,- հայտարարել է Կարամանլիսը հեռուստաելույթի ժամանակ։
Երկրի կառավարությունը կձեւավորի Համահունական սոցիալիստական շարժման առաջնորդ Յորգոս Պապանդրեուն։ Նա հայտարարել է, որ երկրի վերաձեւավորման հարցում կատարվելիք մեծ աշխատանք կա։ Ելույթ ունենալով Աթենքի «Զապպիոն» պալատում՝ նա հույն ժողովրդին շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ ընդգծել, որ «պետությունում սկսվում են իրավիճակը փոխելու համազգային քայլեր՝ ուղղված բարգավաճմանը եւ ստեղծագործ մթնոլորտին։ Այս ճանապարհի միակ կողմնացույցը կլինի քաղաքացին եւ միայն նա»,- ընդգծել է Պապանդրեուն։
Նա կոչ է արել երկրի բոլոր առաջադեմ ուժերին, ովքեր ցանկություն ունեն իրենց հետ առաջ գնալ, միավորել ուժերը այս դժվար պահին։ «Այս ճանապարհը հանուն արդար հասարակության է, հանուն Հունաստանի, որը կստիպի մեզ բոլորիս հպարտանալ իրենով»,- ասել է նա։ «Մենք դա ուզում ենք, կարող ենք եւ դա մեզ կհաջողվի»։




























