Հոնկոնգում արցունքաբեր գազի համով պաղպաղակ է հանյտնվել՝ որպես փողոցային բողոքների հիշեցում, որոնք շարունակվում էին մինչեւ կորոնավիրուսի համավարակի սկսվելը, եւ այժմ՝ մեկուսացման ռեժիմւ թուլացումից հետո, դրանք կարող են վերսկսել նոր թափով, փոխանցում է ՌԳ-ն:
Պաղպաղակ ուտելուց արցունքաբեր գազի ազդեցությանը հասնելու համար 31-ամյա գյուտարարը (ով նախընտրում է չբացահայտել իր անունը՝ վախենալով իշխանությունների կողմից հետապնդումից) շատ տարբեր բաղադրիչներ է փորձել, օրինակ ՝ ճապոնական Wasabi եւ մանանեխ: Սակայն ամենամոտը սեւ պղպեղն էր:
«Մենք տապակում եւ մանրացնում ենք սեւ պղպեղը եւ լցնում այն իտալական gelato պաղպաղակի մեջ,- բացատրել է նոր համի ստեղծողը:- Մի քիչ կծու է ստացվում, բայց փոխարենը կոկորդում գրգռվածության զգացում է առաջանում, ինչպես լինում է արցունքաբեր գազից հետո»:
Ըստ պաղպաղակը փորձողների՝ «այն արցունքաբեր գազի համ ունի, շնչառությունը դժվարանում է, այն կծու է եւ գրգռում է կոկորդը, եւ անմիջապես ուզում ես շատ ջուր խմել»:
2019-ի վերջին 2020-ի սկզբին Հոնկոնգում ոստիկանությունն արցունքաբեր գազով շուրջ 16 հազար փամփուշտ էր օգտագործել ցուցարարների դեմ:




























