Հայաստանի վերահսկիչ  պալատը (ՎՊ) ստուգումներ է իրականացրել «Քաղաքաշինության նախարարության գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն ՊՈԱԿ-ում» եւ բազմաթիվ չարաշահումներ հայտնաբերել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՎՊ մամուլի ծառայությունից, մասնավորապես, գնումների գործակալության շահած գները մի քանի անգամ բարձր են ներկայացվել շուկայական գներից, գնագոյացման դաշտում  ուսումնասիրությունները կատարվել են առանց մեթոդաբանության եւ հիմնարար փաստաթղթերի: Կեղծվել են նաեւ պաշտոնական տեղեկագրերը` դրանք տպագրելու համար կազմվել են անհիմն տեղեկանքներ` առանց պատասխանատու անձի ստորագրության:  Որոշ դեպքերում գների մեջ կրկնակի է հաշվարկվել ավելացված արժեքի հարկը եւ այլն:

Իշխան Զաքարյանը նշել է, որ խախտումներ են հայտնաբերվել նաեւ գնացուցակներում` պաշտոնական տեղեկագրերում անհիմն բարձր գնեով են հաշվարկվել  շինանյութի ե’ւ իրական, ե’ւ միջինացված գները:  

Իրավիճակը  շտկելու նպատակով  ՎՊ-ն դիմել է ՀՀ կառավարություն`  վերանայելու այդ ՊՈԱԿ-ի գործունեությունը: Կառավարության որոշմամբ նշված ՊՈԱԿ-ը  ՀՀ քաղաքաշինության նախարարության կազմից հանվել է եւ տեղափոխվել  է ՀՀ  Էկոնոմիկայի նախարարություն: Նախարար Տ. Դավթյանը իր հերթին նշել է, որ հայտնաբերված խախտումները մտահոգիչ են, չկա գների հաշվարկման մեթոդաբանություն,  եւ նախարարությունն արդեն ձեռնարկել է դրանք շտկելու ուղղությամբ համապատասխան քայլեր, այդ թվում` արդեն դիմել են  եվրոպացի մասնագետների աջակցությանը:

Խորհրդակցության ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն`  ՀՀ  էկոնոմիկայի նախարարության մասնագետների մասնակցությամբ ձեռնարկել կտրուկ քայլեր`իրավիճակը շտկելու ուղղությամբ:

ՎՊ նախագահը պատրաստականություն է հայտնել խնդրին վերաբերող ցանկացած հարցում աջակցել էկոնոմիկայի նախարարությանը: