«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մայիսի 3-ին դոլարը զգալի արժեւորվել է։ Հավանաբար՝ Հայաստանի ֆոնդային բորսան նույնպես արձագանքել է Բեն Լադենի ֆիզիկական ոչնչացման մասին լուրին, որի ազդեցությամբ դոլարը որոշ չափով թանկացել է ողջ աշխարհում։
Դոլարն այսօր հայկական բորսայում վաճառվել է 374,25 դրամ միջին փոխարժեքով։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 2,1 մլն դոլար։
Բորսայական գործարքների ազդեցությամբ բարձրացել են նաեւ փոխարժեքները կանխիկ արտարժույթի շուկայում։ Ժամը 16։00-ի դրությամբ կանխիկ դոլարի առքի փոխարժեքը որոշ բանկերի կողմից հասցվել է մինչեւ 372,5 դրամի, վաճառքի փոխարժեքը սկսում է 374-ից։
Նշենք, որ թեեւ դոլարը եվրոյի հանդեպ միջազգային շուկայում որոշ չափով արժեւորվել է, սակայն դեռեւս մնում է բավական ցածր մակարդակի վրա։ 1 եվրոն, ըստ վերջին տվյալների, արժե 1,4765 դոլար։




























