Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոն կարող է դառնալ առաջին համաշխարհային առաջնորդը, ում կտապալեն կորոնավիրուսի պատճառով՝ կարծում են վերլուծաբանները:

Կորոնավիրուսի պատճառով Բրազիլիան դարձել է աշխարհում թիվ մեկ թեժ կետը:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 391 000 մարդ, մահացել է 24 512-ը:

Բոլսոնարոն բազմիցս նվազեցրել է վիրուսի սպառնալիքը՝ քննադատելով նահանգների նահանգապետերին սահմանափակումներ սահմանելու համար, որոնք հանգեցնում են աշխատատեղերի կորստին:

«Չկարողանալով  միավորել բրազիլիացիներին՝ Բոլսոնարոն եւ նրա կառավարությունը կարող են դառնալ առաջինը, ում կտապալեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով»,-CNBC-ին հայտնել է Իգարապե ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մագգան:

«Նման ճգնաժամները պահանջում են նպատակային, կոմպետենտ կառավարում: Բոլսոնարոն դրան պատրաստ չէ, եւ որքան երկար նա մնա իշխանության գլխին, այնքան շատ բրազիլացիներ կմահանան»,-կարծիք է հայտնել փորձագետը:

«Ես կզարմանայի, եթե մենք այս ամենի միջով անցնեինք առանց ինչ-որ լուրջ ինստիտուցիոնալ բախման»,-CNBC-ին ասել է քաղաքագետ եւ The Brazilian Report քաղաքական կայքի հիմնադիր Գուստավո Ռիբեյրոն:         

Նրա խոսքով՝ ընդդիմադիր օրենսդիրները քննարկում են Բոլսոնարոյի դեմ իմպիչմենթ հայտարարելու հարցը:   

«Դժվար է ասել, թե արդյոք իմպիչմենթ տեղի կունենա, քանի որ այստեղ կա մեկ առանցքային տարր՝ մենք փողոցներում չունենք մարդիկ, որոնք պահանջում են նախագահի հրաժարականը, չկան մարդիկ, որոնք ատում են Բոլսոնարոյին: Դրանք մարդիկ են, որոնք նստած են տանը»,-ասել է Ռիբեյրոն: