Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի մամուլի ասուլիսը, որի ժամանակ հայտարարվել է խթանման նոր միջոցների փաթեթի մասին, ընդհատվել է զավեշտական դրվագով, երբ տանտերը պահանջել է, որ նա եւ թղթակիցները հեռանան գազոնից, հայտնում է Reuters-ը։
Մորիսոնը գնացել է Գուգոնգում բնակելի շինարարության տեղամաս, որպեսզի հայտարարի, որ կառավարությունը մոտ 700 մլն ավստրալիական դոլար կծախսի կորոնավիրուսից շատ տուժած շինարարական ոլորտի աջակցության համար։ Երբ նա սկսել է պատմել միջոցառումների փաթեթի մասին, նրան ընդհատել է տեղի բնակիչը։ «Բոլորդ մի կողմ քաշվեք խոտի վրայից, խնդրում եմ,- բղավել է տեղի բնակիչը՝ դիմելով Մորիսոնին եւ լրագրողներին,- Արագացրեք, ես հենց նոր եմ այն կարգի բերել»։
Մորիսոնն արագ ենթարկվել է՝ երկու բութ մատը վեր բարձրացնելով եւ տղամարդուն հասկացնելով, թե «ամեն ինչ կարգին է»։





























