Անցած օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 49 նոր դեպք, գրանցվել է նաեւ հիվանդության 18 ասիմպտոմատիկ կրող, մեկ հիվանդ ապաքինվել է, նշվում է Չինաստանի առողջության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ 49 նոր դեպքից 39-ը տեղական է (Պեկինում՝ 36, Հեբեյ նահանգում՝ 3), 10-ը՝ ներմուծված (4-ը՝ Սիչուանում, մեկը՝ Շանհայում, երկուսը՝ Չունցինում, մեկը՝ Ֆուցզյանում, մեկը՝ Շենսի նահանգում):
Նախօրեին Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք եւ 9 ասիմպտոմատիկ դեպք: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Պեկինում եւ կապված է մեծածախ շուկայի հետ: Շաբաթ օրը «Սինֆադի» խոշորագույն մեծածախ շուկան ժամանակավորապես փակվել էր այն բանից հետո, երբ համաճարակաբանական հետաքննությունը կորոնավիրուս էր հայտնաբերել ներմուծված սաղմոնը կտրելու տախտակի վրա: Շաբաթ օրը իշխանությունները հայտնել էին, որ օրվա ընթացքում զանգվածային թեստավորման արդյունքում հայտնաբերվել էր COVID-19-ով վարակման 46 ասիմպտոմատիկ դեմք, որոնք կապված էին շուկայի հետ: Որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա, Ֆենթայ թաղամասում պատերազմական ժամի ռեժիմ էր հայտարարվել:
Ընդհանուր առմամբ, Չինաստանում համավարակի ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 83181 դեպք, առողջացել է 78.370 մարդ, 179 հիվանդ գտնվում է հիվանդանոցներում, 4.634 մարդ մահացել է: Ներմուծված դեպքերը 1837-ն են, 1745 մարդ առողջացել է:





























