Բաքվում հանրահավաքը կազմակերպված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տիրաժավորված նախորդ գիշերը Բաքվում տեղի ունեցած հանրահավաքը՝ անհապաղ մոբիլիզացիա սկսելու եւ Ղարաբաղն «ազատագրելու» պահանջով: Հիշեցնենք, որ հանրահավաքը յուրատեսակ արձագանք էր Հայաստանի սահմանի ուղղությամբ Տավուշի մարզում ադրբեջանական արկածախնդրության տապալմանը:
«Բաքվում հանրահավաքը կազմակերպված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սակայն հետո սահուն կերպով անցավ այլ հարթություն: Արդյո՞ք դրանք դարձյալ իշխանությունների կողմից նախազգուշական գործողություններ էին, թե՞ ինքնաբուխ՝ ցույց կտա ժամանակը: Միանշանակ է, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են նոր ընդդիմության գալուն, որը ծնվելու է բուն իշխանությունից: Նույնկերպ միանշանակ է, որ իշխանությունները ձեռնարկում են նախազգուշական քայլեր»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Վերլուծելով իրավիճակը՝ Արցախի նախագահի խորհրդականը շեշտեց, որ ռազմական տեսանկյունից Տավուշում ադրբեջանական սադրանքը տապալվել է. «Դա հստակ է: Հայկական բանակը ցուցադրեց իր արդյունավետությունը, կազմակերպվածությունը, վերահսկողության տակ են վերցվել կարեւոր բարձունքներ: Ի՞նչ պետք է անի Ադրբեջանը: Ամենահետաքրքիրն այն է, որ նույնիսկ այս պարտությունը փիառ կանեն՝ վերածելով կրակ անելու յուրատեսակ ցախի, հակահայկական կրքեր բորբոքելու, ինչպես նաեւ ընդդիմության դեմ պայքարելու փորձերի»:
«Ինչպիսի տեսք կունենա դա: Ադրբեջանական քարոզչամեքենան կսկսի հանրությանը մատուցել միանգամայն այլ, իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող տվյալներ, ֆեյքեր զոհված հայ «օկուպանտների» մասին, որ «հարձակումը դադարեցվել» է եւ այլն: Այստեղ ամեն ինչ պարզ է: Երկրորդ՝ փիառ կանեն անգամ գեներալի զոհվելը: Վերջին շրջանում ադրբեջանական բանակում այդպիսի կորուստ չէր եղել, եւ դա ցույց է տալիս հայկական բանակի արդյունավետությունը: Բայց ի՞նչ են անում նրանք: Փորձում են ստեղծել գեներալի կերպար, որն իր զինվորների հետ կանգնած էր առաջնագծում: Հանրությանը ներշնչում են, որ գեներալները մարտնչում են հանուն երկրի, այլ ոչ թե թաթախված են կոռուպցիայի մեջ եւ Ալիեւի գահի մոտ արեւի տակ տեղի համար են պայքարում:
Հիմա հանրահավաքի մասին: Այդ կարգի հանրահավաքը չի կարող ինքնաբուխ կազմակերպվել: Բայց հանրահավաքի ժամանակ տեղի ունեցավ ինչ-որ բան, ինչը կարելի է երկակի բացատրել: Կամ խափանում է եղել, որը դրա կազմակերպիչները չէին սպասում: Ցուցարարները պետք է բղավեին հակահայկական բովանդակությամբ կարգախոսներ՝ «Ղարաբաղը մերն է», «Ղարաբաղ բեզիմդիր», նրանց հայտնի կարգախոսն է, բայց ընդդիմադիր ուժերը, որոնք հակազդում են Ալիեւների կլանին, վարպետորեն խաղարկեցին իրավիճակը: Արդյկոք դա ինքնաբո՞ւխ էր, թե՞ կազմակերպված՝ ժամանակը ցույց կտա: Բղավելով հակահայկական ազգայնական կարգախոսներ, ամեն ինչ սահուն կերպով փոխանցեցին սոցիալական բողոքի: Դե բա էլ ինչպե՞ս Ադրբեջանում հանրահավաք կազմակերպեն: Բնական է, որ լավագույն առիթը հակահայկական քաղաքականությունն է, Ղարաբաղը մերն է, Սեւանը մերն է, Երեւանը մերն է: Այսինքն՝ փոխանցեցին իշխանության համար պայքարի:
Հնարավոր է նաեւ երկրորդ տարբերակը՝ հանրահավաքում ընդդիմադիր կարգախոսները նույնպես իշխանությունների սադրանքն էին, որպեսզի Ալիեւի կլանին հնարավորություն տան դեպի ընդիմությունն ուղղել «արդարացի զայրույթը»:
Ի՞նչ պետք է անի իշխող կլանը: Բանակի փիառից հետո տրամաբանորեն հետեւում է ընդդիմության ճնշումը, որն այն պահին, երբ «զոհվում են փառավոր գեներալները», զբաղված է մերկանտիլ հարցերով: Սա իշխող դասի համար շատ լավ առիթ է սկսելու «ընդդիմադիր վհուկների» որսը: Հետո նրանք այս ամենը կներկայացնեն որպես թյուրքական աշխարհի հաղթանակ: Շղթայի օղակները կապում են Թուրքիային եւ Ադրբեջանին: Պատահական չէր Էրդողանը տեղեկացնում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին, տեղի է ունենում «Կոստանդնուպոլսի նվաճումը», բայց նոր, հոգեբանական, մշակութային ենթատեքստում: Քանի որ ո՞վ է տուժել Էրդողանի գործողությունների հետեւանքով: Հույները՝ որպես մշակույթի կրողներ: Ռուս Ուղղափառ եկեղեցին՝ որպես Բյուզանդական ուղղափառ դավանանքի ժառանգորդ, եւ հայերը, որոնք Բյուզանդիայում պետականություն ձեւավորող սուբյեկտներ էին: Ահա այսպիսի խաղ՝ թյուրքական աշխարհը վտանգի մեջ է, իսկ այդ սրիկա ընդդիմադիրները հանդես են գալիս որպես հինգերորդ շարասյուն:
Ամեն դեպքում, լինի դա ցուցարարների խառնամբոխ ընդդիմադիր կարգախոսներ հնչեցնելու համար, թե Ալիեւի նախազգուշական գործողություններ, արդյունքն այն կլինի, որ իշխանությունները կսկսեն «մանեկները պտտեցնել» եւ ընդդիմությանը ճնշել»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ ընդդիմության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների վախը բացատրելի է: Ալիեւը վերջին ամիսներին ակտիվորեն փոխում է կադրային կազմը, այլ տեղերում՝ մինչեւ 90 տոկոսով: Բնական է, որ իշխանության մեջ եղած եւ այժմ փողոցում հայտնվածները նույնպես դժգոհ կլինեն եւ հանդես կգան իշխանությունների դեմ: Հնարավոր է՝ կհայտնվի նոր, հզոր հակաալիեւյան ճակատ, որի կազմի մեջ կմտնեն ոչ միայն վարկաբեկված ընդդիմության մնացորդները, այլեւ մարդիկ, որոնք իշխանության են եղել եւ տեղյակ են նրբություններին, ուժեղ եւ թույլ կողմերին: Իսկ դա արդեն ընդդիմության նոր որակ է:
Արդյո՞ք հայկական կողմին ձեռնտու է Ադրբեջանում իշխանափոխությունը: «Մենք պետք է միշտ իրատես լինենք: Պարզամտություն է մտածել, թե Ադրբեջանում իշխանափոխությունից հետո կգան ինչ-որ բարի ուժեր: Այդպիսի բան չի կարող լինել: Ով էլ գա իշխանության, ավելի արմատական է լինելու, քան նախորդները: Ուստի մենք պետք է տեղի ունեցողին վերաբերվենք ոչ թե հույսով, այլ ուղղակի հասկանանք, որ մեզ համար սկզբունքորեն տարբերություն չկա, թե ով կգա իշխանության: Ղարաբաղի եւ հայ ժողովրդի հանդեպ հայացքներն ընդհանուր առմամբ նույնը կլինեն: Բայց իշխանափոխությունը կարող է հանգեցնել Ադրբեջանի փլուզմանը: Իսկ սա արդեն բացարձակապես այլ թեմա է»,- ամփոփեց Արցախի նախագահի խորհրդականը:


























