Հայաստանում այս պահի դրությամբ ապրում է 1040 ՄԻԱՎ վարակակիր: 2001թ այդ թիվը 169-ն էր: Այս մասին այսօր` մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Նրա խոսքով, Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրները բացարձակ անվճար են բուժվում, իսկ օտարերկրացիները չեն կարող դեղորայք գնել ոչ դեղատներից, ոչ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնից:
Հայաստանում գլոբալ հիմնադրամի աջակցությամբ մի շարք կազմակերպություններ են աշխատում այս ուղղությամբ, որոնց տրամադրած միջոցների շնորհիվ այսօր ՄԻԱՎ-ով ապրողները կարողանում են ստանալ հակառետրովիրուսային բուժում: «Եթե գլոբալ հիմնադրամը դադարեցնի իր ֆինանսավորումը, ապա ավելի քան 200 մարդու կյանք վտանգի կենթարկվի»,- ասաց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահը: Նրա խոսքով`խնդիրն այն է, որ գլոբալ հիմնադրամը ֆինանսավարում է որոշակի ժամանակով այն պայմանով, որ տվյալ երկիրը հետագայում ինքը ֆինանսավորի եւ հայտնի չէ, թե երբ հիմնադրամը կդադարեցնի ֆինանսավորումը:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Սեմ Թադեւոսյանի խոսքով`այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հիմնական խնդիրն է հասարակության եւ Կառավարության կողմից անտեսումը եւ խտրական վերաբերմունքը: «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանն էլ նշեց, որ մեզանում հաճախ չի պահվում նաեւ բժշկական գաղտնիքը, ինչը էապես ազդում է ՄԻԱՎ-ով ապրողների կենսակերպի վրա, նբանք մեկուսանում են հասարակությունից եւ չեն կարող բողոքարկել որեւէ տեղ, քանի որ այդ դեպքում ավելի մեծ աղմուկ կբարձրանա եւ բոլորը կիմանան իր կարգավիճակի մասին:





























