Ամբողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակին նշում են ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը: Այս տարի մայիսի 15-ին Երեւանում, Գյումրիում, Վանաձորում ժամը 21.30 կկազմակերպվի մոմավառություն` որպես հիշատակ 88թ-ից մինչ օրս Հայասատանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացած 242 մարդկանց համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Նրա խոսքով`այս տարվա միջոցառման կարգախոսը Հայաստանում, ինչպես նաեւ ողջ աշխարհում, «Դիպչելով սրտերին» է:
Հունիսին կայանալու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստ, այս խնդրով զբաղվող կազմակերպությունները ցանկանում են, որ այդ նիստին Հայաստանը ներկայացնի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան դիմել են նամակով, բայց մերժում են ստացել` պատճառաբանությամբ, որ եթե վարչապետը ներկայացնի, դա կնշանակի, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրը մեզանում առաջնահերթ է: «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահի խոսքով` եթե Հայաստանը ներկայացնի վարչապետը, դա կնշանակի, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս այս խնդրին եւ նրանք կոչ են անում վարչապետին հնարավորության դեպքում աջակցել իրենց:




























