Այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13։00-ին «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության «Երեւան» կայարանում տոմսերի վաճառքի «Օրիոն» համակարգը միացվեց Թբիլիսիի կայարանի հետ։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը։
Բացի Երեւանից, համակարգը ներդրվելու է Երեւանի, Գյումրու, Վանաձորի եւ Արմավիրի կայարաններում։
Մ. Վարդանյանի խոսքով՝ նոր համակարգը թույլ կտա տոմսեր ձեռք բերել առանց բյուրոկրատական քաշքշուկների։ Այցելուն պարզապես տոմսարկղին ներկայացղնում է իր անձնագիրը եւ ասում, թե ինչ տիպի տոմս է ցանկանում։ Մնացածն արդեն ավտոմատացված է, առավելագույնը 1 րոպեի ընթացքում հաճախորդին կատարվում է առաջարկ։
Ըստ Վարդանյանի, աշխատանքներ են տարվում երկաթուղային եւ ավտոբուսային տոմսերի ինտերնետային վաճառք կազմակերպելու ուղղությամբ։
Մ. Խակովի պարզաբանմամբ, տոմսերի ավտոմատացված վաճառքը հատկապես արդյունավետ է տոմսերի նախապատվերի դեպքում։





























