Երեւանի պետական համալսարանը վաղը` մայիսի 18-ին համագործակցության պայմանագիր կկնքի Երեւան քաղաքի 5 ավագ դպրոցների (Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, N 114, N 139, N 148, N 184 ավագ դպրոցներ) հետ, ըստ որի` այդ դպրոցներում կհիմնվեն նպատակային դասարաններ (հոսքեր):

Նախկինում ԵՊՀ-ի եւ ավելի քան 30 դպրոցների միջեւ եղել են համաձայնագրեր կրթական գործունեություն ծավալելու վերաբերյալ. աշակերտներին տրամադրվել է խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաեւ պարբերաբար կազմակերպվել են ճանաչողական այցեր ԵՊՀ:

Իսկ այսուհետ ԵՊՀ-դպրոցներ համագործակցությունը տեղափոխվում է նոր փուլ: Ըստ պայմանագրերի` ավագ դպրոցները պետք է կազմակերպեն հանդիպումներ, ուսումնակրթական աշխատանքներ դպրոցի աշակերտների եւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի միջեւ:

Երեւանի պետական համալսարանն էլ իր հերթին պարտավորվում է նպատակային դասարաններում ուսումնառության կազմակերպման նպատակով անհրաժեշտության դեպքում դպրոցներին ապահովել առարկայական ծրագրերով եւ համապատասխան մասնագետներով:

ԵՊՀ-ն հնարավորություն կընձեռի նաեւ ավագ դպրոցների ուսուցիչներին մասնակցելու համալսարանում կազմակերպվող գիտաժողովներին ու սեմինարներին, իսկ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների համար կսահմանվեն անվանական կրթաթոշակներ:

Միջոցառման ընթացքում հայաստանյան 27 դպրոցների տնօրեններ կպարգեւատրվեն ԵՊՀ դպրոցականների առարկայական օլիմպիադային ակտիվ մասնակցելու եւ բարձր արդյունքներ ապահովելու համար: Վերջիններիս կտրվեն շնորհակալագրեր եւ նվերներ:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, 30 դպրոցների տնօրեններ եւ ԵՊՀ գիտական խորհրդի անդամները: