Հաագայում ավարտվել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2008-2010 ֆիլմերի ընտրանու ցուցադրությունները, որոնք կազմակերպել էր Filmhuis Den Haag-ը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի բացումը տեղի էր ունեցել մայիսի 6-ին, որին ներկա են եղել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, բազմաթիվ կինոգետներ, կինոգործիչներ ու կինոքննադատներ:
Կինոքննադատ Ռադա Սեսիչը իր խոսքում նշել է, թե որքան է կարեւորում «The Best of Golden Apricot International Film Festival» ծրագիրն ու նաեւ պատմեց ֆիլմերի ընտրության իր սկզբունքի մասին:
«Ինձ համար շատ կարեւոր էր ընդգրկել այնպիսի ֆիլմեր, որոնք հոլանդացի հանդիսատեսին կհիշեցնեին այդ տարածաշրջանի «այլ» լինելու մասին… որը մենք բոլորս հիշում ենք Սեգեյ Փարաջանովի ու Արտավազդ Փելեշյանի ֆիլմերից, որոնք ոգեշնչող, սադրիչ, դիտարժան, արտիստիկորեն օրիգինալ ու թարմ են: Պարզվեց, որ շատ ֆիլմեր բարձրացնում են սամանների հարցը, եւ ոչ թե միայն արտաքին աշխարհի հետ, այլ նաեւ մեր ներսում»,- ասել է Ռադա Սեսիչը:
Ֆիլմերի ցուցադրություններին, հաջորդող քննարկումներին ու զուգահեռ նախատեսվող միջոցառումներին ներկա են եղել հայ եւ արտասահմանցի բազմաթիվ ռեժիսորներ, պրոդյուսերներ եւ տարբեր փառատոնների ներկայացուցիչներ: Ցուցադրվել են Հարություն Խաչատրյանի «Սահման», Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն», Դիանա Կարդումյանի «Աշնան արեւ» ֆիլմերը: Ինչպես նաեւ վերջին երկու տարիներին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակից Սիդդիք Բարմաքի «Ափիոնի պատերազմ», Գեորգ Օվաշվիլիի «Մյուս ափին», Անդրեյ Խրժանովսկու «Մեկ եւ կես սենյակ, կամ սենտիմենտալ ճանապարհորդություն հայրենիք», Լեւան Կոգուաշվիլիի «Փողոցային օրեր», Ռեհա Էրդեմի «Կոսմոս», Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմերը:
Հայաստանից ցուցադրություններին ներկա են եղել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, կինոռեժիսորներ Սուրեն Բաբայանն ու Արման Երիցյանը:





























